Զինծառայողը վիրավորել է ընկերոջն ու ինքնասպան եղել. ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
ԼՂՀ պաշտպանության բանակի հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով այսօր՝ փետրվարի 19-ին, վաղ առավոտյան զոհված 19-ամյա Թեմուր Սլոյանը Կոտայքի մարզի Պռոշյան համայնքից էր: Զրուցեցինք Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանի հետ, ով մեզ հայտնեց, որ Թեմուրը բանակ էր զորակոչվել վեց ամիս առաջ:
«Երեք քույր ուներ, տան միակ տղան էր: Հայրը տարիներ առաջ է մահացել, մայրը աշխատավոր կին է: Հարազատները գիտեն Թեմուրի մահվան մասին, իսկ թե ինչ է տեղի ունեցել, դեռ պարզ չի: Արդեն ճանապարհին են, աճյունը տեղափոխում են գյուղ: Աննկարագելի վիճակում են եւ հարազատները, եւ համագյուղացիները»,- ասաց գյուղապետը:
Կամո Հովհաննիսյանն էլ, ինչպես տեղեկացրինք, Արցախի Շահումյան շրջանից էր: Hraparak.am-ի հետ զրույցում Շահումյան վարչական շրջանի ղեկավար Կարեն Եղիշյանը պատմեց. «Շատ լավ ընտանիք է, հայրը պատերազմի մասնակից է: Շատ բարոյական լավ գծերով օժտված երիտասարդ էր, աչքի ընկնող իր ակտիվությամբ, որպես երիտասարդ: մեր ամբողջ շրջանը շատ ցավով է ընդունել պատահարը, բոլորիս համար մեծ կորուստ էր, կարծես անձնական: Եթե չեմ սխալվում ուսանող էր, առաջին կուրսի: Տանը 4 երեխաներ էին, 3 եղբայր ունի»:
Ավելի վաղ ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայությունը հայտնել էր, որ 2016թ. փետրվարի 19-ին` ժամը 07:00-ի սահմաններում, ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ, 1997թ. ծնված Կամո Արայի Հովհաննիսյանը եւ Թեմուր Շարիի Սլոյանը:
Մեզ հասած նախնական տեղեկություններով՝ Թեմուր Սուլոյանը մահացու հրազենային վիրավորում է հասցրել ծառայակցին, ապա՝ ինքնասպան եղել:
