«Զինվորականներից բացի ոչ ոք չի կարող տիրապետել ռազմական իրավիճակին». Հակոբ Բադալյան
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբ ասվում է՝ հավատացեք բանակին, հավատացեք հայ զինվորին, սպային ու բարձր հրամկազմին, դա լոկ պաթոս, կամ զգայական, ոգեղեն, կամ քարոզչական տրամաբանությամբ խոսք չէ: Ոչ ոք՝ զինվորականներից բացի ոչ ոք չի կարող տիրապետել ռազմական իրավիճակին, դրա խորքային շերտերին՝ կանխատեսելիությունից անկանխատեսելիություն ընկած տարածությամբ: Ըստ այդմ՝ «հավատացեք բանակին արտահայտությունը» նշանակում է՝ դուք պատերազմից ոչինչ չեք հասկանում, առավել ևս ժամանակակից պատերազմից և պարզապես ընդունեք այդ պարզ հանգամանքը, համեստորեն ընդունեք այդ պարզ իրողությունը: Եվ վատ մի զգացեք, երբ փաստացի ասվում է, որ պատերազմից ոչինչ չեք հասկանում: Օրինակ՝ դուք վատ չեք զգա չէ՞, եթե ձեզ ասեն, որ ոչինչ չեք հասկանում ծրագրավորումից: Էդ մարդիկ տարիների թե՛ պրակտիկ ռազմական փորձով, թե՛ տեսական ռազմական կրթությամբ հասել են գեներալի, գնդապետի, կապիտանի կամ մայորի աստիճանի ոչ այն բանի համար, որ պատերազմի ժամանակ ինչ-որ մեկն իրենցից հավասար կամ իրենցից ավելի սկսի գնահատել իրավիճակը բուն ռազմական առումով, և կապ չունի վատ, թե լավ գնահատել: Հավատացեք բանակին, նշանակում է՝ մի քիչ համեստ եղեք»:
