Զոհված զինծառայողի մորը հայտնել են որդու մահվան լուրը. Նրան երեք ամիս էր մնում՝ վերադառնար
Ինչպես արդեն հայտնել էինք այսօր ժամը 12:20-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Վլադիմիր Աշոտի Մելքոնյանը: Վլադիմիրը Գյումրի քաղաքից էր, ապրում էր մոր, տատիկի, եղբոր հետ Գյումրու երկաթգծի տարածքում՝ կիսախարխուլ տանը:
Տեղեկացանք, որ այս պահին տանն են մայրն ու 80-անց տատը, ովքեր կատարվածից տեղյակ են: Մայրը երկար տարիներ աշխատելով երկաթգծում՝որպես հավաքարար, մի քանի տարի է՝ գործազուրկ է: Վլադիմիր ավագ եղբայրը մի քանի ամիս է՝ինչ գտնվում է արտագնա աշխատանքի մեջ: Մայրը` տիկին Սվետլանան միայն կարողացավ մի քանի բառ փոխանակել՝ ասելով, որ տղային 3 ամիս էր մնում, որպեսզի զորացրվեր, տուն վերադառնար: Նշեց նաև, որ Վլադիմիրի հայրն էլ ծանր հիվանդությունից հետո Ղարաբաղում է մահացել: Որդու դիակը խոստացել են վաղը բերել:
