«Զոն նայող» Կարիճ Լիլոն՝ իր ամուսնության, եւ իր անվան շուրջ պտտվող խոսակցությունների մասին.VIDEO
2015 թվականի մայիս ամսին, «Աբովյան» քրեակատարողական հիմնարկից ազատ արձակված, դատապարտյալ Լիլիա Խաչատուրովան, ով առավել հայտնի է «Կարիճ Լիլո» մականվամբ, ամուսնացել է: Լիլիա Խաչատուրովան, Fnews.am-ի հետ զրույցում չցանկացավ մանրամասնել, թե ո ՞վ է իր կողքի տղամարդը, եւ ի ՞նչ պայմաններում է տեղի ունեցել նրանց ամուսնությունը, միայն ասաց, որ.«Կարեւորը ես սիրում եմ իմ կողքի տղամարդուն, եւ նա էլ ինձ է սիրում ու ընդունում այնպիսին, ինչպսին, որ ես կամ: Ամենագլխավորը՝ ես վերադարձել եմ նորմալ, բնականոն կյանք, որտեղ շատ անելիքներ, ու ծրագրեր ունեմ իրականացնելու, բայց դրանց մասին հետո կխոսեմ: Իսկ հիմա իմ ամբողջ ուշադրությունը՝ իմ ընտանիքին է ուղղված, քանի որ ես շատ նպատակներ ու երազանքներ ունեմ՝ հատկապես երեխաներ ունենալու հարցում»...
Ավելին, Լիլիա Խաչատուրովան, մեզ հետ զրույցում պնդեց, որ ինքը փակել է անցյալի դժվար ու բարդ էջերը, եւ որ հիմա նա իր կյանքը սկսում է նոր տողից ու նոր կետից:
Իսկ Լիլիա Խաչատուրովայի անցյալի էջերը իրականում բարդ ու մշուշոտ են եղել:
Նախ ինչու էր Խաչատուրովան, տարիներ շարունակ գտնվում կալանավայրում…
Հիշեցնենք, որ նա մեղադրվում էր կազմակերպված խմբի հետ Նաիրա Թ.-ի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ: Առաջադրված մեղադրանքում նա իրեն մասնակի մեղավոր է ճանաչել: Դեպքը տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերի 10-ին:
Ինչպես տեղեկանում ենք մեղադրական եզրակացությունից`այս գործով մեկ այլ մեղադրյալ` Ելենա Ս.-ն, իր ընկերուհիներ՝ Աննա Ղ.-ի, «Մաշա» մականունով Նունե Ա.-ի, «Կարիճ» մականունով Լիլիա Խաչատուրովայի հետ որոշել են պատժել Նաիրային` Ելենային «Մամա Ռոզա» անվանելու համար: Եվ կանայք Կարիճի «Պորշ Կայեն» ավտոմեքենայով նշված օրը` ժամը 03։40-ի սահմաններում, գնացել է Նաիրա Թ.-ի տան մոտ, ում հետ նախապես պայմանավորվել էին հանդիպել: Ավտոմեքենայում սկսված խոսակցության ընթացքում Ելենան կոպիտ արտահայտություններ անելով Նաիրայի հասցեին` իր ձեռքի գարեջուրը լցրել է վերջինիս վրա և նույն ապակյա գարեջրի շշով 2 անգամ դիտավորությամբ հարվածել Նաիրայի գլխին։ Սակայն միջադեպն այսքանով չի ավարտվել: Լիլյան ու Ելենան մեքենայի մեջ պահված փայտե մահակներով հարվածել են Նաիրային։
Աննան ևս այս ամենից անմասն չի մնացել. նա էլ գրկել է «զոհին», որպեսզի վերջինս չշարժվի կամ պաշտպանվի: Նաիրայից «ազատվել են»` դանդաղ ընթացող ավտոմեքենայից գցելով: Ավելին, մոտ 200 մետր հեռանալուց հետո, Լիլիան ավտոմեքենան շրջադարձ է կատարել և վերադառնալով Նաիրայի ընկած վայրը, ավտոմեքենայի դիմացի անվադողով հարվածել է գետնին ընկածին և հեռացել։ Հետագայում պարզվել է, որ Նաիրայի առողջությանը պատճառվել է ծանր վնաս: Թեպետ Կարիճն ու հանցակից ընկերուհիները վստահեցնում էին, որ նշված աղջիկը (խմբ. Նաիրան) ողջ-առողջ ապրում է իր համար, իսկ իրենք «անտեղի փակվել են չորս պատի մեջ»: Լիլիա Խաչատուրովան, նույն ինքը՝ Կարիճը, առավել հայտնի է դարձել քրեակատարողական հիմնարկում պատիժ կրելու ընթացքում: Նրան շատերը ՔԿՀ-ի հեղինակություններից էին համարում:
Դեռևս նախորդ տարի մի խումբ կին դատապարտյալներ բողոքի ալիք էին բարձրացրել` ընդդեմ իրենց բախտակցի` ասելով, թե «օրենքը պետք է հավասար լինի բոլորի համար»: Պատճառը այդ օրերին, Կարիճի` բաց ռեժիմում կամ, ինչպես ընդունված է ասել դատապարտյալների շրջանում, «բաց գաղութում» հայտնվելն էր:
Ի դեպ, բողոքավոր կալանավորները կարծիք էին հայտնել, թե բաց գաղութ են դուրս գալիս մարդիկ, որոնք կամ համագործակցում են վարչակազմի հետ, կամ «վերևներում» ընկերներ ունեն: Ավելին, այդ օրերին տեսակետներ էին պտտվում, որ Խաչատուրով Լիլիան կալանավայրից ազատվել բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի զանգի շնորհիվ:
Խաչատուրովան, Fnews.am-ի հետ զրույցում մեկնաբանելով իր անձի շուրջ պտտվող խոսակցությունները, նախ հարցի վերջից սկսեց, հարցադրում անելով թե. «Եթե ինձ համար բարձրաստիճան պաշտոնյա է զանգել, ու ես էլ ազատ եմ արձակվել, ապա ինչո՞ւ այդքան տարի ես իմ պատիժը կրեցի «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում: Ո՞րն էր իմաստը: Միայն խոսելով չի. ես սխալ թույլ եմ տվել, այդ սխալիս համար հատուցել եմ: Եւ հիմա էլ, որպես քաղաքացի, իրավունք ունեմ իմ կյանքը նորմալ կերպով կազմակերպելու: Բոլորն էլ մարդ են, կարող են սխալվել: Որեւէ մեկը չգիտի, թե վաղը իր հետ ինչ կարող է պատահել: Ինչքան կարելի է գրել ու խոսել, որ մենք արտոնյալ ենք եղել, եւ այլն, եւ այլն: Չկա նման բան. գուցե այդ տարիներին, քրեակատարողական հիմնարկի անձնակազամից շատերի հետ ստեղծվել են լավ, մարդկային ու բարեկամական կապեր, բայց դա չի նշանակում, որ որեւէ մեկը արտոնյալ է եղել»:
Հարցին, թե բացի Խաչատուրավայից ու նրա մտերիմ ընկերուհիներից, ճի՞շտ է, որ քրեակատարողական հիմնարկում գտնվող կանանց նկատմամբ այդուհանդերձ եղել է ոչ այնքան բարեհաճ վերաբերմունք, Խաչատուրովան, պնդեց, թե «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում իրականում կանանց նկատմամբ առողջ ու մարդկային վերբերմունք է դրսեւորվել:
Իսկ թե ինչքանո՞վ են ճիշտ պտտվող այն խոսակցությունները, որ «Զոն նայող» Կարիճ Լիլոն, հիմա էլ է շարունակում այսպես ասած «նայել» Աբովյան քրեակատարողական հիմնարկը, եւ երբեմն էլ ճնշել կանանց, վերջինս հարցին հետեւյալ կերպ պատասխանեց.
Ես ինձ չեմ կարող նման բան թույլ տալ...
