«Զվարթնոց» օդանավակայնի հին շենքը կմնա կանգուն. Մկրտիչ Մինասյան
Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանն այսօր լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը կմնա կանգուն, և որևէ մեկը գրչի մի ստորագրությամբ թույլ չի տա այն քանդել:
««Զվարթնոցի» հին մասնաշենքի ճակատագիրը բազմաթիվ քննարկումների առարկա է եղել և վերջերս հարց բարձրացվեց, որ անմխիթար վիճակում գտնվող էստակադան քանդվի, սակայն դա անընդունելի է, քանի որ կարող է խարխլել բուն շենքը»,-նշեց նա:
Մկրտիչ Մինասյանը նկատեց նաև, որ շենքը պատմամշակութային հուշարձան է, ընդգրկված է պատմության դասագրքերում, և չի կարելի երկրի պատմության մի մասը ոչնչացնել:
««Զվարթնոցի» շենքը Հայաստանի և Սովետական շրջանի ժամանակակից ճարտարապետության մեջ ուրույն տեղն ունի: Աշխարհում սովորաբար հեշտությամբ չեն քանդում նման նշանակալից շենքերը, ինչպես մեզ մոտ: Եթե շենքը այլևս չի կարող ծառայել իր նպատակին, ապա պետք է այն օգտագործել այլ նպատակով կամ հենց իր նպատակով, բայց ոչ ծանրաբեռնված, բայց պարտադիր պետք է պահել, քանի որ մշակութային առումով կարևոր նշանակություն ունի»,-ավելացրեց նա:
