Ջոն Հեֆֆերն. «Կապ չունի, թե ինչպիսի ընտանիքից է սերում, ինչպիսի հարևանությամբ, ինչ թաղամասում է հասակ առնում երեխան` նա ինքն է իր ապագան կերտում»
Այսօր ԱՄՆ դեսպանատան և ԹՈՒՄՈ ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի համատեղ ուժերով կազմակերպված Ամերիկյան ֆիլմերի 2013թ. ցուցաշարի շրջանակներում «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ «Բրուքլինյան ամրոց» ֆիլմի պրեմիերան: Ֆիլմը պատմում է Նյու Յորքի Բրուքլին թաղամասի դպրոցներից մեկի մասին, ուր հիմնականում հաճախում են աղքատ երեխաները: Չնայած այս ամենին դպրոցն ունի երկրի լավագույն շախմատի երիտասարդական թիմը: Կապ չունի, թե ինչպիսի ընտանիքից է սերում, ինչպիսի հարևանությամբ, ինչ թաղամասում է հասակ առնում երեխան` նա ինքն է իր ապագան կերտում, մնացած գործոնները կարևոր չեն: Այսպես ներկայացրեց ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը ցուցադրվող ֆիլմն ու «Երիտասարդական ներուժ» ծրագիրը. «Սա ցուցաշարի 24 ֆիլմերից առաջինն է, որ այստեղ ցուցադրվելու է, դրանց մեծ մասը ԹՈՒՄՈ կենտրոնում են ցուցադրվելու, որը մեր գործընկերն է: Եվ ֆիլմերի ցուցաշարի ընդհանուր թեման երիտասարդության ներուժի խթանումն է: Սա Հայաստանի համար նույնպես կարևոր ուղերձ է»: Խոսելով միջոցառման մասին ԱՄՆ դեսպանն ասաց. «Միջոցառման հետ կապված հետաքրքրական է այն, որ այստեղ են գտնվում երեք ամերիկյան ռեժիսորներ, որոնց հրավիրելու հարցում մեզ աջակցել է ԹՈՒՄՈ կենտրոնը: Ցուցաշարի օրերին նրանք կլինեն այստեղ, երիտասարդ հայ կինոգործիչների համար կանցկացվեն վարպետության դասեր, աշխատաժողովներ և կսովորեցնեն, թե ինչպես գումար հայթայթել ֆիլմի նկարահանումների համար: Ընդհանրապես ամենը երիտասարդների համար է արվում»: «Բրուքլինյան ամրոց» ֆիլմը ցույց է տալիս թե ինչպես շախմատի նկատմամբ սերը բազմապատկում է երեխաների ակնկալիքները:
Գեղարքունիքի մարզից Համլետ Ալավերդյանը մաթեմատիկայի ստուգողական աշխատանքը կիսատ թողնելով եկել էր «Մոսկվա» կինոթատրոն ֆիլմը դիտելու, Տիգրան Պետրոսյանին տեսնելու և ամենակարևորը` շախմատ խաղալու. «Արդեն հինգ տարի է խաղում եմ: Հետաքրքիր խաղ է: Դժվար քայլեր կան, բայց կապ չունի, հետաքրքիր է: Դեռ հաջողություններ չունեմ, բայց աշխատում եմ»:Զառա ՂԱԶԱՐՅԱՆ