Զինծառայողի խոսքերը` մահվանից առաջ. «Վաշտի հրամանատարն ինձ նեղացնում է, բենզին է ուզում, բենզինի փող է ուզում ինձնից».video
Իջևանում տեղակայված զորամասերից մեկում մայիսի 10-ին` առավոտյան 8:50-ի սահմաններում հայտնաբերվել էր շարքային զինծառայող Ներսես Ղազարի Կարապետյանի դին: Մոտ մեկ տարի հայկական բանակում ծառայած զինվորը դեպքից մի քանի օր առաջ էր արձակուրդից զորամաս վերադարձել: Նրան գտել էին գլխի հատվածում ստացած հրազենային վնասվածքով` զորամասի մարտական հենակետում: Սկզբնական շրջանում դեպքը որակվել էր՝ որպես ինքնասպանություն, սակայն դատաբժշկական փորձաքննությունից հետո պարզ էր դարձել, որ հրազենային վնասվածքը հասցվել էր 20-25 մետր հեռավորությունից, հետևաբար` դա ինքնասպանություն չէր կարող լինել: 168.am-ի հետ զրույցում Ներսեսի հորաքույրը` Կարինե Կարապետյանը, պատմեց, որ տղան խնդիրներ է ունեցել վաշտի հրամանատարի հետ` բենզինի պակասորդի պատճառով: Բենզինի պակասորդի մասին նույնիսկ հրամանատարն է իմացել, ու դրա փոխարեն` պահել է վաշտի հրամանատարի աշխատավարձից: Կ. Կարապետյանի կարծիքով` հրամանատարը վաշտի հրամանատարի աշխատավարձից է պահել, որն էլ իր հերթին՝ զինվորներից է ուզել այդ գումարը: Ինքը` հորաքույրը, այդ մասին չի իմացել, սակայն մահվանից հետո այդ մասին իրեն պատմել է Ներսես Կարապետյանի ավագ եղբայրը. «Ինքն ուներ խնդիրներ, բայց մենք չգիտեինք, ու վերջում էր իր մորն ասել, որ «վաշտի հրամանատարն ինձ նեղացնում է, բենզին է ուզում, բենզինի փող է ուզում ինձնից, բայց ինքը գիտի` այդ բենզինն ով է տարել, ինձնից ինչո՞ւ է ուզում»: Ես չեմ իմացել այդ դեպքի մասին: Իմացել են մայրը, եղբայրը, ընկերը: Փող են առաջարկել, ասել է՝ «չէ, ես այդ վաշտի համար այդքան գործ եմ արել, ամբողջ վաշտն եմ վերանորոգել, իրենք չեն կարող ինձնից փող ուզել»: Նա շատ ազնիվ երեխա էր, չէր պատկերացնում գլխի գալիքը»: Զինծառայողի հորաքույրը պատմում է, որ Ներսեսը զանգել է եղբորը, որն այդ ժամանակ Մոսկվայում է եղել, և ասել է, որ «սենց բան ա եղել»: Եղբայրն ասել է՝ «Ապեր, փող ուղարկե՞մ, տար քցի դրանց բերանը», Ներսեսը, թե՝ «Ի՞նչ եմ արել, որ փող տանեմ տամ»: Կ. Կարապետյանը պետմեց նաև, որ արձակուրդից վերադառնալուց հետո վաշտի հրամանատարն ասել է Ներսեսին` «Էսօր ոչինչ չես բերել, հա՞, տրամադրությունս բարձր ա, վաղը հետդ կխոսեմ». «Ու նրա ասած այդ վաղը, այդ չարաբաստիկ դեպքը եղավ»: Ներսեսի հորաքույրը մեզ հետ խոսելիս հազիվ էր զսպում հուզմունքը, չէր կարողանում առանց արցունքի հիշել եղբորորդուն, անընդհատ կրկնում էր. «Երջանիկ ընտանիքս է քայքայվել, նման ընտանիք այս քաղաքում մեկ-երկու հատ են»: Մայիսի 8-ին` վերադառնալով զորամաս` Ներսեսը զանգում է հորաքրոջն ու ասում. «Հոք, ես դիրքերում եմ». «Ասի` բալես, դե դու բոյով ես, գլուխդ կախ կպահես` հանկարծ թուրքի գնդակը քեզ չկպնի»:
