Սեյրան Օհանյանը Անջեյ Կասպրչիկին հորդորել է գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրչիկին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում պաշտպանության նախարարը հորդորել է դեսպանին իր լիազորությունների շրջանակներում գործուն քայլեր ձեռնարկել շփման գծում իրավիճակը լիցքաթափելու ուղղությամբ, քանի որ ձևավորված օպերատիվ միջավայրում իրավիճակի ընթացիկ սրումը հղի է ադրբեջանական կողմի համար ծանր հետևանքներ ունենալու հավանականությամբ:
Դեսպանը Կասպրչիկը հայտնել է իր մտահոգությունը և խոստացել է քայլեր ձեռնարկել շփման գծում ներկա իրավիճակի լիցքաթափման ուղղությամբ:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու հարավ-արևմտյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու հրազենային գնդակային վիրավորում էին ստացել պայմանագրային զինծառայողներ Անդրանիկ Սամվելի Եղոյանը (ծնվ. 1988թ., Արարատի զ/կ) և Բորիս Բենիկի Գասպարյանը (ծնվ. 1992թ., Արարատի զ/կ):
