Բանակում Նորայրին պահել են 48 ժամ․ 6 ներարկումից և գինեկոլոգի տված 1 հաբից հետո նորակոչիկը մահացել է.video
Այսօր Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Արթուր Մկրտչյանի նախագահությամբ, սկսվեց 18-ամյա նորակոչիկ Նորայր Սահակյանի՝ 2012-ին տեղի ունեցած մահվան գործով դատավարությունը:
Հիշեցնենք, որ Նորայրի ծնողներն «Առաջին լրատվական»-ին այն ժամանակ պատմել էին, որ 2012թ. դեկտեմբերի 21-ին տղան առողջ, առանց որևէ խնդրի Էրեբունու շրջանի զինկոմիսարիատից զորակոչվեց բանակ: Կենտրոնական հավաքակայանում վեց ներարկումներից հետո նրա ջերմությունը բարձրացել էր մինչև 38.3 աստիճան: Նորայրը մոտեցել էր հերթապահ բժշկին՝ հոսպիտալի բժիշկ Կարեն Ջուլհակյանին, որը գինեկոլոգ է, և ասել, որ ջերմություն ունի: Նորայրին մեկ հաբ տալով՝ ուղարկել էին Ղարաբաղ: Ճանապարհին Նորայրը դարձյալ վատ է զգացել, փսխել է, բայց նրան օգնություն չեն ցուցաբերել: Բանակում Նորայրին կարողացել են պահել 48 ժամ:
