Արա Գևորգյանի նոր երգի միջոցով տարբեր երգչախմբեր աշխարհով մեկ կխոսեն Հայոց ցեղասպանության մասին
Երաժիշտ Արա Գևորգյանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Նա նոր երգի երաժշտություն է գրել, որի հիման վրա տեսահոլովակ է նկարահանվում: Ստեղծագործությունը ձայնագրվել է հայերեն և անգլերեն տարբերակներով:
«Երգն աղոթքի պես է, այն կարծես խոսք է՝ ուղղված Աստծուն: Երգն ագրեսիա չի պարունակում, այն ավելի շատ իր մեջ պահանջ է ներառում: Շատ հետաքրքիր, պոետիկ, ազդեցիկ երգ է: Այն ձայնագրվել է Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի և ազգային ակադեմիական երգչախմբի կատարմամբ: Շնորհակալ եմ Էդուարդ Թոփչյանին և Հովհաննես Չեքիջյանին՝ ձայնագրության համար: Հայերեն տարբերակը կոչվում է «Կանք ու կլինենք», իսկ անգլերենը` «Remember» («Հիշենք»): Անգլերեն տեքստի հեղինակը Դանիել Դեքերն է, իսկ հայերեն տեքստի հեղինակը` Լևոն Բլբուլյանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց Արա Գևորգյանը:
Նրա խոսքով՝ ինքը նախագիծն սկսել է դեռևս Արամայիս Սահակյանի հետ: «Այնուհետև մենք սկսեցինք աշխատել կոմպոզիտոր Հենրիկ Անասյանի հետ, սակայն, քանի որ վերջինիս գրվածը շատ ճակատային էր, և շատ կռիվ ու դաժան պատկերներ էր պարունակում, դիմեցինք Լևոն Բլբուլյանին»,- նշեց նա:
Գևորգյանը համոզված է, որ ցավի մասին պետք է խոսել օտարի լեզվով: «Երգն արդեն երգել են 15 հայկական երգչախմբեր: Երգը հնչել է «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ինչպես նաև Ծիծեռնակաբերդում, որտեղ կատարել ենք տեսահոլովակի նկարահանումները: Ուղղաթիռից նայելու դեպքում տեսնում ենք Ծիծեռնակաբերդում պատկերված 1915 թիվը` մոտ 500-հոգիանոց միացյալ երգչախմբի միջոցով»,- հավելեց նա: