Սոս Սարգսյանը ազգային շունչ ու համ բերեց հայ թատրոնին ու կինոյին. Հայ անվանի դերասանն այսօր կդառնար 85 տարեկան
Tert.am-ը գրում է. Հայ անվանի դերասան, ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանն այսօր կդառնար 85 տարեկան: Ինչպես Tert.am-ի հետ զրույցում ասաց դերասան Երվանդ Մանարյանը, Սոս Սարգսյանը հիմնականում իր ծննդյան օրը չէր նշում, քանի որ նման հարցերում ինքը համեստ ու զուսպ մարդ էր:
«Ես չեմ հիշում երբևէ նշվեր Սոս Սարգսյանի ծննդյան օրը: Եթե ընկերները հիշում էին ինչ-որ բան անում էին, եթե ոչ՝ ոչ»,-ասաց նա:
Խոսելով դերասանի վաստակի ու նրա ունեցած ներդրման մասին հայ կինոյում և թատրոնում, դերասանն ընդգծեց հատկապես նրա կարևորությունը ազգայինի դերի բարձրացման գործում:
«Նրա կատարումներից ազգային շունչ էր գալիս, զգում էիր, որ հայ մարդ է բեմի վրա, ոչ թե պարզապես տաղանդավոր մի դերասան: Նա ազգային շունչ ու համ բերեց հայ թատրոնին ու կինոյին, մանավանդ այն տարիներին, երբ ամեն ինչ արվում էր, որ համահարթեցվի, ամեն ինչի վրա տարածվի խորհրդայինի շունչը: Սովետական շրջանում նա բերեց բուն ազգային կերպար»,-ասաց նա:
Երվանդ Մանարյանը կարևորեց նաև Սոս Սարգսյանի կողմից «Համազգային» թատրոնի ստեղծումը արդեն անկախության տարիներին:
«Նա ստեղծեց թատրոն, որը շատ դժվար բան է, ծայրահեղորեն դժվար բան է: Այդ հարցում նրան օգնեց ոչ միայն իր շնորհքը, այլ նաև մարդկային որակները: Նա կարողացավ այդ մարդկանց հավաքել իր և թատրոնի կողքը, իսկ իր շուրջ մարդիկ հավաքվում էին, իրենից չէին հեռանում, որովհետև նա մարդկանց հետ վարվելու ձև գիտեր»,-ասաց նա:
Երվանդ Մանարյանը նշեց, որ թեև այդ թատրոնը այսօր շենք չունի, ինչը Սոս Սարգսյանի երազանքներից մեկն էր, սակայն էականը դա չէ, քանի որ անգամ թափառող թատրոնը հասարակության հետ խոսելու սկզբունքն է:
Հիշեցնենք, որ Սոս Սարգսյանը մահացել է 2013թ-ի սեպտեմբերի 26-ին: