Ընդհանրապես, աշխատող պատգամավորներին պետք է շնորհակալ լինել, ոչ թե մերժել. Հեղինե Բիշարյանը՝ Վարդան Այվազյանին
«Ոնց կարող եմ ես Ձեզ մերժել»,-ԱԺ-ում բյուջեի նախագծի քննարկմանը ասաց Վարդան Այվազյանը Հեղինե Բիշարյանին, ով հարց ուներ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանին:
Ի պատասխան՝ Հեղինե Բիշարյանը արձագանքեց. «Ընդհանրապես, աշխատող պատգամավորներին պետք է շնորհակալ լինել, ոչ թե մերժել»:
Հեղինե Բիշարյանը նախարարին հիշեցրեց, որ նախորդ տարի բյուջեի նախագծի քննարկմանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թիվ 191 դպրոցը թեև վերանորոգման ցուցակում էր, այնուամենայնիվ, ամբողջ տարվա ընթացքում վերանորոգման որևէ աշխատանք չի իրականացվել: «Տարին ավարտվում է, և դպրոցը կանգնած է փաստի առաջ»,- հավելեց Բիշարյանը:
Նախարարն էլ իր հերթին նկատեց, որ ինքը գուցե սխալվում է, բայց երկու շինարարական կազմակերպություններ դատական գործընթացի մեջ են, և կա պրոցեսների կասեցում. «Ինձ թվում է՝ խոսքը դրան է վերաբերում: Կարծում եմ՝ խոսում եք հենց էդ դպրոցի մասին: Շատ շուտով վերջնական վճիռը կլինի, և շինարարները կմտնեն, բայց ավելի լուրջ կզբաղվեմ և ժամկետները կնշեմ»,- ասաց նախարարը:
Նոնա Ադամյան
