Հոկտեմբերի 27-ի գործով կարևոր վկաներից մեկի սպանությունը պատվիրելու համար ազատազրկված Մանախը 22 օր է հացադուլի մեջ է
«Արթիկ» ՔԿՀ-ում պատիժը կրող դատապարտյալ Արթուր Այվազյանն (Մանախ) արդեն 22-րդ օրն է՝ հացադուլ է հայտարարել: Նա պահանջում է կամ փոխել իր ռեժիմը և դարձնել բաց, կամ բավարարել պայմանական վաղաժամկետ ազատ արձակման իր մի քանի տասնյակ դիմումները, որոնք անհիմն պատճառաբանությամբ մերժվում են: Դատապարտյալի մայրն «Առաջին լրատվական»-ին փոխանցեց, որ Արթուրի վիճակը շատ վատ է և օրեցօր ավելի է վատանում, քանի որ նա հրաժարվել է բոլոր տեսակի բժշկական օգնությունից, չի թողնում, որպեսզի բժիշկները մուտք գործեն խուց և անգամ ճնշումը չափեն:
Հացադուլի ժամանակ դատապարտյալին են այցելել տարբեր գերատեսչություններից, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից: ՄԻՊ խորհրդական Երանուհի Թումանյանցը մեզ հետ զրույցում նույնպես ասաց, որ դատապարտյալի վիճակը շատ վատ է: «Պաշտպանի աշխատակազմը երկու անգամ այցելել է Արթուր Այվազյանին, բացի դա՝ կապի մեջ ենք ՔԿՀ աշխատակզմի ու նրա հարզատների հետ ու կարող ենք արձանագրել, որ դատապարտյալի վիճակը վատ է: Եվ շատ խնդրահարույց է այն հարցը, որ նա հրաժարվել է բժշկական օգնությունից»,- ասաց Թումանյանցը:
