Վալերի Բուայեն Ցեղասպանության ժխտումը քրեականացնող նոր օրինագիծն արդեն Ֆրանսիայի Ազգային ժողով է ներկայացրել
Ֆրանսիայի խորհրդարանի՝ Մարսելից ընտրված պատգամավոր Վալերի Բուայեն «Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող» նոր օրինագիծ է ներկայացրել խորհրդարան, տեղեկացնում է թուրքական Haberler կայքը:
Համաձայն նոր օրինագծի՝ Ցեղասպանության ժխտման համար 5 տարվա ազատազրկում և 45 հազար եվրո պատժաչափ է սահմանվելու:
Թուրքական կայքը տեղեկացնում է, որ մոտ 80 հազար հայ բնակչություն ունեցող Մարսելից ընտրված Բուայեն 23 պատգամավորի ստորագրությամբ օրինագիծը նոյեմբերի 4-ին հանձնել է Ֆրանսիայի Ազգային ժողովի ղեկավարությանը:
Նոր օրինագիծը ստորագրողների թվում է նաև հայ փաստաբան Պատրիկ Դևեջյանը:
Ավելի վաղ Վալերի Բուայեն հայտարարել էր, թե հուսով է, որ օրինագիծը շուտով կհայտնվի խորհրդարանի օրակարգում:
Նա նշել էր, որ նոր օրինագիծն ինքն արդեն ուղարկել է խորհրդարանի բոլոր կուսակցություններին, և ներկայում արդեն 40-ից ավելի պատգամավոր ստորագրությամբ հաստատել է իր աջակցությունը նոր նախագծին:
