Նոր նախարար, նոր հուշագի՞ր. Արմեն Մուրադյանը ՌԴ-ի հետ հուշագիր է ստորագրում, երբ արդեն իսկ կա համապարփակ պայմանագիր (Video)
1in.am-ը գրում է. Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նոր քայլեր է ձեռնարկել ՀՀ առողջապահության ոլորտում՝ առաջնորդվելով «Ամեն նորը մոռացված հինն է» հայտնի կարգախոսով: Նա նախաձեռնել է հայ-ռուսական առողջապահական առաջին համաժողով և Հայաստան է հրավիրել իր ռուս գործընկերոջը՝ ՌԴ առողջապահության նախարար Վալենտինա Սկվորցովային: Մատենադարանի նոր մասնաշենքում այսօր համաժողովի ընթացքում երկու երկրի առողջապահության նախարարությունների միջև ստորագրվեց դեղերի շրջանառության, բժշկական սարքավորումների և կենսաակտիվ հավելումների, շարունակական բժշկական զարգացման, ինչպես նաև առողջապահական համակարգերի միջև տեղեկատվության ապահովման, էլեկտրոնային առողջապահության և հեռաբժշկության ոլորտներում փոխըմբռնման երեք հուշագիր:
Երկու երկրների առողջապահության ոլորտների միջև դեռ 90-ականներից արդեն իսկ կա համագործակցության պայմանագիր, իսկ 2000թ. Մոսկվայում ստորագրվել է համաձայնագիր Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության և Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարության միջև բժշկագիտության և առողջապահության ոլորտում համագործակցության մասին: Այն մասնավորապես ենթադրում է համագործակցություն հետևյալ ոլորտներում՝ բնակչության առողջության առաջնային և մասնագիտական բժշկական օգնության ցուցաբերում մեծահասակ ու մանկահասակ բնակչությանը, կանխարգելիչ բժշկություն և շրջակա միջավայրի պաշտպանություն, դեղաբանություն և բժշկական սարքավորումներ, այդ թվում՝ արտադրություն, սանատորաառողջարանային բուժում և վերականգնում, գիտական և բժշկական կադրերի պատրաստում, գիտական մշակումների համատեղ իրագործում, առողջապահության մեջ համակարգչային տեղեկատվական համակարգերի մշակում և ներդրում, բնակչության բժշկական ապահովագրում, առողջապահության համակարգի վերակառուցման մեջ առաջնայնության ճշտում, բժշկական վիճակագրություն, արտակարգ իրավիճակների բժշակասանիտարական հետևանքների կանխում և վերացում, հրատապ տեղեկության փոխանակում:
2011թ. Մոսկվայում հուշագիր է ստորագրվել ՀՀ առողջապահության նախարարության և ՌԴ սպառողների իրավունքների պաշտպանության և մարդու բարեկեցության ոլորտում վերահսկողության ծառայության միջև վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ոլորտում համագործակցության մասին: 2002-ից գործում է ՀՀ առողջապահության նախարարության և ՌԴ առողջապահության նախարարության միջև հիգիենիկ եզրակացությունների (սերտիֆիկատների) փոխադարձաբար ճանաչման մասին համաձայնագիրը: 1999-ից առողջապահության ոլորտում արձանագրությամբ համագործակցում են ՀՀ առողջապահության նախարարության և Մոսկվայի կառավարության առողջապահական կոմիտեն:
