Անընդունելի է այն տարբերակը, որ հիմա ԼՂՀ ճանաչման հարցը փորձում են մտցնել ՀՀ ԱԺ օրակարգ. ԼՂՀ ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը և ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն այսօր ԱԺ-ում հանդես եկան համատեղ ասուլիսով: Առիթը ՀՀ ԱԺ խորհրդարանի մի շարք հանձնաժողովների միացյալ նիստերի ամփոփումն է, որոնք գումարվել են Ղարաբաղում:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ բավականին լուրջ քննարկումներ են տեղի ունեցել միջազգային հարթակներում Ղարաբաղյան խնդրի հետ կապված: ԱԺ նախագահը նշեց, որ վերջին շրջանում տարբեր հարթակներում ստեղծվեցին տարբեր երկրների և ԵՄ խորհրդարանում Ղարաբաղին աջակցող բարեկամական խմբեր, և մենք պետք է կարողանանք մեր դիրքերն էլ ավելի ամրապնդել: Հայաստանի քաղաքական դաշտը՝ իշխանական և ոչ իշխանական, Ղարաբաղյան հարցում ունի մեկ դիրքորոշում, ինչն էլ, ըստ Գալուստ Սահակյանի, պետք է ապահովի մեր աշխատանքների արդյունավետությունը: Նա նաև նշեց, որ Ղարաբաղի խորհրդարանում բոլորովին վերջերս ստեղծվել է երիտասարդական խորհրդարան:
ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի դիտարկմամբ՝ այս հանձնաժողովի նիստը իր քննարկումների բովանդակությամբ շահեկանորեն տարբերվում է նախորդներից: «Մենք ամեն անգամ պետք է փորձենք նոր գաղափարներով ակտիվացնել միջխորհրդարանական համագործակցությունը»,-ասաց Աշոտ Ղուլյանը:
Հարցին՝ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավորները պարբերաբար Հայաստանի կողմից Ղարաբաղը ճանաչելու հարց են հնչեցնում. ինչպիսի՞ն է պաշտոնական տեսակետը, Աշոտ Ղուլյանը պատասխանեց. «Ղարաբաղի պաշտոնական տեսակետը չի կարող ուրիշ լինել, քան ներկայացնում ենք միջազգային հանրության համար, այն է՝ Ղարաբաղը ձգտում է միջազգային ճանաչման: Եվ այս իմաստով միջազգային ճանաչման թիրախը ոչ միայն Ղարաբաղինն է, այլ ՀՀ-ինը»:
Աշոտ Ղուլյանի խոսքով՝ Ղարաբաղում ոչ մեկը չի կարող ասել, որ մենք դեմ ենք Ղարաբաղի ճանաչմանը, այլ հարց է, թե այդ ճանաչումը որտեղից է սկսվում և որտեղ՝ ավարտվում: Տեսակետ կա, որ այն պետք է լինի ՀՀ կողմից, տեսակետ կա, որ այն պետք է լինի բոլոր անդամ երկրների կողմից և վերջում՝ ՀՀ կողմից:
«Մեզ համար միանշանակ է, որ Ղարաբաղի անկախության ճանաչումը գործընթաց է, որն արդեն սկսված է, և մենք տարբեր հատվածներում արդեն ունենք որոշակի հաջողություններ, ինչը պետք է շարունակել: Մեզ համար անընդունելի է այն տարբերակը, որ հիմա ԼՂՀ ճանաչման հարցը փորձում են մտցնել ՀՀ ԱԺ օրակարգ: Մեզ համար ընդունելի է մեկ տարբերակ՝ երբ ԱԺ բոլոր ուժերը համաձայն լինեն կոնսենսուսով այդ հարցը օրակարգ բերել»,- ասաց Աշոտ Ղուլյանը:
