Կրկնօրինակ զինգրքույկում ոչ շարային ծառայության պիտանի զինապարտը դարձել է պիտանի. Հրազդանի զինկոմի գործն ուղարկվել է դատարան
Փաստինֆոն գրում է. Ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի մեջ մեղադրվող Հրազդանի զինվորական կոմիսար Արամ Պետրոսյանի և կաշառք ստանալու մեջ մեղադրվող նույն զինկոմիսարիատի զորահավաքային բաժանմունքի պահեստի զինվոր-սերժանտների հաշվառման, ամրագրման և նախորոշման խմբի պետ Սերգեյ Սարգսյանի գործն ուղարկվել է դատարան:
Ըստ մեղադրանք՝ գնդապետ Արամ Պետրոսյանը 2014թ. մարտի 24-ին Հրազդանի զինվորական կոմիսարիատում որպես ոչ շարային ծառայության պիտանի զինապարտ հաշվառված Հրազդան քաղաքի բնակիչ Ալեքսանդր Ազիզյանին կորստյան հիմքով կրկնօրինակ զինգրքույկ տրամադրելիս չի ստուգել ենթակա անձանց կողմից կրկնօրինակ զինգրքույկում նրա` զինվորական ծառայությանը պիտանելիության վերաբերյալ լրացված տվյալները, առանց դրանք Ա.Ազիզյանի հաշվառման քարտում առկա տվյալների հետ համեմատելու իր ստորագրությամբ և կնիքով հաստատել է՝ «պիտանի է շարային ծառայության համար» գրառմամբ կրկնօրինակ զինգրքույկը և հանձնել Ա.Ազիզյանին:
Արամ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննական մարմինը կոչումով կապիտան Սերգեյ Սարգսյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա քաղաքացի Ա.Ավետիսյանի զինվորական գրքույկում վերջինիս զինվորական ծառայության պիտանելիության վերաբերյալ կատարված գրառումը փոփոխելու, նրա` պայմանագրային զինվորական ծառայության անցնելու համար զինվորական գրքույկում համապատասխան բարենպաստ գրառում կատարելու դիմաց 2014 թվականի մարտի 21-ին պահանջել և մարտի 25-ին ժամը 14:10-ի սահմաններում իր աշխատասենյակում անձամբ ստացել է 124.311 ՀՀ դրամին համարժեք 300 ԱՄՆ դոլար կաշառք:
Սերգեյ Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով: Սարգսյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
