Փաստաբան Ն. Նորիկյանի ֆեյսբուքյան էջից գռեհիկ բովանդակությամբ նամակներ են ուղարկվել. Հաղորդում հանցագործության մասին
Փաստաբան Նորայր Նորիկյանը պատրաստվում է հանցագործության մասին հաղորդում ներկայացնել. մասնավորապես՝ փաստաբանի ֆեյսբուքյան էջը կոտրել են և գռեհիկ բովանդակությամբ նամակներ ուղարկել: Այդ մասին փաստաբանը գրառել է իր ֆեյսբուքյան էջում:
Ստորև ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.
«Երբ 2013 թվականի գարնանը հակերները ջարդեցին իմ ֆեյսբուքյան էջը, մտածեցի, որ իրենց կրքերին հագուրդ տալու հերթական զոհը ես եմ և հրաժարվեցի որևէ կերպ հետամուտ լինել` պարզելու հնարավոր համակարգչահենին:
Ս.թ. նոյեմբերի 9-ին կրկին անգամ ջարդվել է իմ էջը և իմ անունից բավականին գռեհիկ բովանդակությամբ նամակներ են ուղարկվել ինձ հարազատ մարդկանց, որոնց հետ ունեմ բարեկամական հարաբերություններ:
Ես իմ ներողամտությունն եմ հայցում իմ բոլոր ընկերներին, որոնց իմ անունից նման բովանդակությամբ նամակներ են հասցեագրվել:
Վստահ եմ, որ իմ ընկերները չեն կասկածում, որ ինքս չէի կարող լինել դրանց հեղինակը:
Ես կարծում եմ, որ սա լրջագույն սպառնալիք է յուրաքանչյուրիս համար, որը կարող է ունենալ ծանր հետևանքներ…
Թեև այս ամենին, ես պատրաստվում եմ հետամուտ լինել` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հայտնաբերելու մեղավորներին` ՀՀ քրեական օրենսգրքի 24-րդ գլխով սահմանված հանցագործությունների կատարման համար պատասխանատվության ենթարկելու համար:
Այդ նպատակով պատրաստում եմ հանցագործության մասին հաղորդում ներկայացնել ՀՀ ոստիկանությանը, թեև վերը նշված գրությունը նույնպես կարող է դիտարկվել որպես հաղորդում հանցագործության մասին»:
