Նախագահը ցավակցություն է հայտնել՝ Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ
Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցություն է հայտնել՝ նոյեմբերի 10-ի երեկոյան Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը:
«Խոր ցավով տեղեկացա Գյումրի-Երևան ավտոճանապարհին տեղի ունեցած ողբերգական ավտովթարի մասին, որին զոհ դարձան անմեղ քաղաքացիներ: Այս ծանր պահին կիսելով զոհվածների ընտանիքների և հարազատների անսահման վիշտն ու ցավը՝ անկեղծ զորակցություն եմ հայտնում նրանց, մաղթում համբերություն և տոկունություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
Վստահ եմ՝ իրավապահ մարմինները կկատարեն դեպքի բոլոր հանգամանքների մանրակրկիտ քննություն, կպարզեն այս ողբերգության բոլոր պատճառները, և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն օրենքի ողջ խստությամբ»,- ասված է Հանրապետության Նախագահի ցավակցության մեջ:
