Ռուբիկ Հակոբյան. Եթե իշխանությունները բարի երևալու խնդիր չեն լուծում, կարող են անմիջապես լուծում տալ 12 կետերից մեկին
Այսօրվա նիստում եռյակը հիմնականում քննարկել է համաժողովրդական շարժման քաղաքական խորհրդի կենտրոնական շտաբի և մարզերում ձևավորվելիք կոորդինացնող շտաբների կառուցվածքային և կանոնադրային խնդիրները:
Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին հայտնեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը:
Ըստ նրա՝ վերոհիշյալ հարցերի շուրջ ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը և «Ժառանգություն»-ը ներկայացրել են իրենց մոտեցումները, որոնց վերաբերյալ որոշակի համաձայնություն ձեռք է բերվել, սակայն եռյակի ամբողջական տեսակետը կամփոփվի և կհրապարակվի հաջորդ նիստից հետո, որի օրվա մասին կհայտարարվի վաղը:
Ռ.Հակոբյանը վստահեցրեց, որ եռյակն «ավելի արագ տեմպերով է աշխատելու»:
Նա նշեց, որ այսօրվա նիստում քննարկվել է նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի անդրադարձը եռյակի՝ 12 կետերից բաղկացած պահանջներին:
Ըստ Ռ.Հակոբյանի՝ եթե «իմիտացիոն, ուշադրությունը շեղելու և բարի երևալու» խնդիր չի դրված իշխանությունների կողմից, ապա վերջինս կարող է մի քանի ժամում անմիջապես լուծում տալ 12 կետերից մեկին՝ Ընտրական օրենսգրքի բարեփոխումներին, ինչը ո՛չ ժամանակ, ո՛չ ճանապարհային քարտեզ, ո՛չ էլ ֆինանսական միջոցներ չի պահանջում:
Ավելին, ըստ Հակոբյանի՝ այս հարցին լուծում տալու նախաձեռնությունը կպաշտպանի ոչ միայն եռյակը, այլև՝ խորհրդարանական ընդդիմադիր մյուս երկու ուժերը՝ ՀՅԴ-ն և ՕԵԿ-ը:
