Եռյակը պատրաստ է իշխանության հետ գնալ քննարկումների, եթե համոզվի, որ նրանք և Սերժ Սարգսյանն անկեղծ են
1in.am-ը գրում է. Քիչ առաջ ավարտվեց ոչ իշխանական եռյակի նիստը, որի ժամանակ քննարկվել է Սերժ Սարգսյանի հայտարարությունը։ Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը նախօրեին տված հարցազրույցում հայտարարել էր, որ վարչապետին առաջարկել է ևս մեկ անգամ անդրադառնալ ոչ իշխանական քառյակի 12 կետերից բաղկացած պահանջներին։ Իսկ Հովիկ Աբրահամյանի մամլո խոսնակն էլ երեկ հայտարարություն էր տարածել, թե վարչապետը շաբաթվա վերջին կհրավիրի եռյակի ուժերին՝ քննարկելու 12 կետերից առաջին հարցը և անցնելու առաջ։
Այսօր եռյակի նիստից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը հայտարարեց, թե եռյակը նիստում քննարկել և որոշել է՝ մինչև իրենք չհամոզվեն, որ իշխանությունները, Ս. Սարգսյանն անկեղծ են իրենց հայտարարությունների կամ առաջարկի մեջ, նրանց հետ քննարկումների չեն գնա։
Իսկ որպեսզի իշխանությունն ապացուցի, որ իր այդ առաջարկություններն անկեղծ են և իմիտացիա չեն, ապա Ռ. Հակոբյանի խոսքերով՝ նախ նրանք պետք է գործնական քայլերով դա ապացուցեն։ Նախ պետք է սկսեն իրենց 12 կետերից 10-րդի իրականացումը, այսինքն՝ ձեռնարկեն Ընտրական օրենսգրքի փոփոխությունը՝ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգին անցնելու և ընտրություններից հետո ընտրողների ցուցակները հրապարակելու քայլը։
Ռ. Հակոբյանի խոսքերով՝ դա այն կետն է, որի կատարման համար ժամանակ և նյութական ծախսեր չեն պահանջվում։ Ընդամենը մեկ-երկու ժամվա ընթացքում կարող են արտահերթ նիստ հրավիրել ու այդ փոփոխություններն իրականացնել։ Այդ դեպքում Ռ. Հակոբյանը վստահեցնում է, որ եռյակին կմիանան նաև «Օրինաց երկիր» և Դաշնակցություն խմբակցությունները։
Հակառակ պարագայում, նրա ներկայացմամբ, եռյակը չի ընդունի Հ. Աբրահամյանի առաջարկությունն ու շաբաթվա վերջում նրա հետ հանդիպման չի գնա։
Ընդ որում եռյակը ցանկանում է, որ իր նախապայմանի մասին արձագանքը պետք է լսեն Սերժ Սարգսյանից։
