Հայ Եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը դատապարտում է Հայկական ուղղաթիռի խոցումը ադրբեջանական զինված ուժերի կողմից
Նոյեմբերի 13-ին նախագահությամբ, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Եպիսկոպոսաց ժողովն առաջին նիստի ընթացքում մասնավոր անդրադարձել է Արցախի առաջնագծում ադրբեջանական զինված ուժերի կողմից ԼՂ պաշտպանության բանակի օդուժի ուղղաթիռի խոցման միջադեպին` դատապարտելով Ադրբեջանի կողմից սանձազերծված սադրիչ գործողությունները:
Ինչպես նշվում է Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի տեղեկատվական բաժնի կողմից տարածված հաղորդագրության մեջ, Եպիսկոպոսաց դասն աղոթք է բարձրացրել առ Աստված՝ խոցված ուղղաթիռի անձնակազմի զոհված անդամներ մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի հոգիների հանգստության համար և սրտակցություն հայտնել զոհված հայորդիների ընտանիքներին ու հարազատներին:
Ստեղծված մտահոգիչ կացության առջև եպիսկոպոսաց ժողովն իր զորակցությունն է հայտնել ՀՀ և ԼՂՀ իշխանություններին` հայցելով Տիրոջ խաղաղությունը հայրենի մեր երկրին և ժողովրդին:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսը հանձնարարել են եպիսկոպոսներին եկեղեցիներում կատարել հոգեհանգստյան արարողություններ՝ զոհված օդաչուների համար:
Հանձնարարվել է նաև պետական և միջազգային լիազոր բոլոր ատյաններում աշխատանքներ իրականացնել` կանխարգելելու Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը խաթարող սադրիչ և ռազմատենչ գործողությունները և չեզոքացնելու պատերազմի վերսկսման վտանգը:
