ԿԽՄԿ-ն միայն ԼՂՀ ներկայացուցիչների կողմից է դիմում ստացել՝ խոցված հայկական ուղղաթիռի անդամների վերադարձման հետ կապված
Այս պահին ԿԽՄԿ-ն միայն ԼՂՀ-ի ներկայացուցիչների կողմից է դիմում ստացել՝ ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից խոցված հայկական ուղղաթիռի անդամների վերադարձման հետ կապված:
Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին` հավելելով, որ ԿԽՄԿ-ն գտնվում է երկխոսության մեջ համապատասխան իշխանությունների հետ, սակայն բոլոր կողմի համաձայնության պարագայում միայն ԿԽՄԿ-ն պատրաստ է կատարել իր անկախ միջնորդի դերը և գործողություններ կատարել, որոնք կապված են ուղղաթիռի անդամների վերադարձմանը:
Հիշեցնենք, որ երեկ ղարաբաղա-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում` ժամը 13:45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ, ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ ՄԻ-24 ուղղաթիռը:
Ըստ մեր տեղեկությունների` ուղղաթիռում 3 հոգի են եղել` ուղղաթիռի հրամանատար մայոր Սերգեյ Սահակյանը, անձնակազմից լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը:
