Կառավարությունն արտահերթ նիստում ընդունել է «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքի նախագիծը
ՀՀ կառավարության արտահերթ նիստն այսօր, ինչպես և սպասվում էր, տեղի է ունեցել:
Գործադիրը հավանություն է տվել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով կարգավորվում է ՀՀ կառավարության հաստատած ցանկում ներառված 31 սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու գործընթացը:
Հիշեցնենք, օրենքի նախագծով նախատեսվում է սահմանամերձ համայնքի բնակիչների սպառած բնական գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի վարձավճարները, սահմանամերձ համայնքի տարածքում ունեցած հողերի հողի հարկը և անշարժ գույքի գույքահարկը մասամբ փոխհատուցել ՀՀ պետբյուջեի միջոցներից: Իսկ թե ի՞նչ չափով և ի՞նչ կարգով կկատարվեն փոխհատուցումները, կառավարությունը յուրաքանչյուր տարվա համար առանձին որոշում կկայացնի:
Ի դեպ, ինչպես հաղորդում է կառավարության լրատվության ու հասարակայնության հետ կապերի բաժինը, վարչապետ Հովիկ Աբրահամյանը նիստի ժամանակ հայտարարել է, որ համարժեք գումար կստանան նաև այն բնակիչները, ովքեր գազից չեն օգտվում, որպեսզի ջեռուցման այլընտրանք ունենան:
Օրենքի նախագիծը նաև նախատեսում է ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով օթևանից զրկված սահմանամերձ համայնքների բնակիչներին մեկամսյա ժամկետում նույն համայնքի տարածքում ապահովել համարժեք օթևանով, սահմանամերձ համայնքներում և դրանց հարակից տարածքներում ականի պայթյունից, ադրբեջանական զինված ուժերի գործողությունների հետևանքով վիրավորված ՀՀ քաղաքացիների բուժումն իրականացնել պետպատվերի շրջանակում:
Իսկ զոհված քաղաքացիների ընտանիքներին ՀՀ պետբյուջեից կտրվի միանվագ օգնություն՝ կառավարության սահմանած կարգով՝ հուղարկավորության և գերեզմանի բարեկարգման, տապանաքարի պատրաստման և տեղադրման ծախսերի համար:
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015թ. հունվարի 1-ից և գործելու է մինչև 2018թ. հունվարի 1-ը:
Օրենքի նախագիծն արդեն իսկ ուղարկվել է ԱԺ: Այն նախատեսվում է քննարկել նոյեմբերի 17-ին նախանշված արտահերթ նիստում:
