Նռնակը նետել է գետնատնակի մեջ, որտեղ քնած են եղել 9 զինծառայող` փորձելով վրեժխնդիր լինել իրեն ծեծելու համար
Փաստինֆոն գրում է. Պարտադիր ժամկետային զինծառայողի գործողությունների հետևանքով խախտվել են երկրի անվտանգության ապահովմանն ուղղված մարտական հերթապահություն կրելու կանոնները, խախտվել են զինծառայողների կողմից հատուկ պարտականությունների իրականացման սահմանված կարգը:
Նախաքննական մարմինը նաև եզրակացրել է, որ զինծառայողի գործողությունների հետևանքով մարտական դիրքի մարտունակությունը կազմալուծվել է, բավականաչափ ժամանակ ողջ մարտական դիրքը հայտնվել է անվերահսկելի վիճակում, որն առաջացրել է ծանր հետևանքներ:
Իսկ ծանր հետևանքները, քրեական գործի տվյալներով, առաջացել են N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող Արթուրի կողմից շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով ինն անձանց նկատմամբ սպանության փորձ կատարելու հետևանքով:
Դրա շարժառիթը, ըստ մեղադրական եզրակացության, իրեն ծեծի ենթարկած, մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցներից վրեժխնդիր լինելն է:
Ըստ մեղադրական եզրակացության` պարտադիր ժամկետային զինծառայողը հիշյալ շարժառիթով 26.11.2014թ.` ժամը 05:20-ի սահմաններում, ուղղակի դիտավորությամբ ցանկացել է սպանել այդ պահին գետնատնակում քնած զինծառայողներ Նարեկին, Դավիթին, Սամվելին,Կամոյին, Նիկոլային, Գոռին, Արմենին եւ երկու Տիգրաններին:
Այդ դիտավորությունն իրականացնելու նպատակով նա գետնատնակից վերցրել է քնած զինծառայող Արմենին կցված նռնակը, դուրս եկել գետնատնակից, քաշել նռնակի ապահովիչ օղակը և նռնակը նետել գետնատնակի մեջ:
«Արթուրն իր հանցավոր դիտավորությունն ավարտին չի կարողացել հասցնել՝ իր կամքից անկախ հանգամանքներում, քանի որ նռնակի պայթյունի հետևանքով ոչ ոք չի մահացել, սակայն զինծառայողներին պատճառվել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ»,- նշվում է մեղադրական եզրակացության մեջ:
Զինծառայողներից վեցին նույնպես մեղադրանք է առաջադրվել առ այն, որ նրանք «զինվորական ծառայության կատարման հետ չկապված ծեծի են ենթարկել սերժանտին` ձեռքերով ու ոտքերով հարվածել վերջինիս մարմնի տարբեր մասերին»:
Իսկ երկու զինծառայողի մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նրանք, տեղյակ լինելով Արթուրի և մյուս զինծառայողների միջև վիճաբանության մասին, դրսևորել են անգործություն, այն է` դեպքի մասին չեն զեկուցել վերադաս հրամանատարությանը:
