Վարդան Պետրոսյանի փաստաբանը պահանջում է դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչել
Դերասան Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչելու վերաբերյալ:
Tert.am-ի հետ զրույցում պաշտպանն ասաց, որ Վարդան Պետրոսյանի գործն արտառոց է ոչ թե միայն նրանով, որ Վարդան Պետրոսյանի վերաբերյալ է գործ քննվում, այլ արտառոց է նաև քննիչի կողմից թույլ տված խախտումների ծավալներով:
«Տարբեր դատավորների կողմից կայացվել են որոշումներ, այդ թվում՝ մարտիմեկյան գործերով, երբ նախաքննական մարմինն առանց ընթերակայի, կամ ոստիկանության աշխատակիցը` որպես ընթերակա մասնակցելու պայմաններում դեպքի վայրի զննության արձանագրությունը ճանաչվել է որպես անթույլատրելի ապացույց»,-նշեց Նիկոլայ Բաղդասարյանը:
Հետևաբար, փաստաբանի կարծիքով, պետք է մեկ հարցադրում անել, թե ինչո՞ւ է այլ գործերով նույն խախտումների պայմաններում ապացույցը ճանաչվում անթույլատրելի, իսկ Վարդան Պետրոսյանի գործով՝ ոչ: Փաստաբանը հավելեց նաև, որ նույնիսկ մեղադրող կողմն ընդունում է, որ եթե դատարանը դեպքի վայրի զննության արձանագրությունն անթույլատրելի ճանաչի, ապա գործը պետք է կարճի՝ առանց փորձաքննություն կատարելու. դատարանին այլընտրանք չի մնում:
Թեև Նիկոլայ Բաղդասարյանն արդեն միջնորդությունը ներկայացրել է, սակայն ասաց, թե հնարավոր է՝ միջնորդությունը լրացնելու խնդիր լինի:
«Կան որոշ հիմքեր, որոնք այն ժամանակ մեզ հայտնի չէին, ավելի ստույգ չունեինք ապացույց, իսկ այսօր մենք արդեն ունենք բավականին լուրջ ապացույց, որը կներկայացնենք հաջորդ դատական նիստում»,-տեղեկացրեց պաշտպանը:
Հիշեցնենք, որ Վարդան Պետրոսյանը 2013թ. հոկտեմբերի 20-ին իր անձնական օգտագործման «ԲՄՎ-320» մակնիշի մեքենայով Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 2-րդ կմ հատվածին ընդհարվել է «Վազ 21214» մակնիշի մեքենայի։ Վթարի հետևանքով «Վազ-21214» մակնիշի մեքենայի ուղևորներ Էդվարդ Արթուրի Հակոբյանը և Էդգար Հայկի Հակոբյանը մահացել են։
