«Քեզ չասեցի՞, եթե քո անբարո ճամփով տանես կնոջս, քեզ կխփեմ». Կարենն անկողնու մեջ դանակահարել է քենուն ու իր կնոջը
Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Վահե Խալաթյանի նախագահությամբ ավարտվել է Կարեն Ս.-ի գործի դատական քննությունը:
30-ամյա Կարենի խնամքին 5 անձ կա: Նա զբաղվել է հողագործությամբ: 2009 թվականին գողության համար դատապարտվել է, նրա նկատմամբ համաներում է կիրառվել:
Ներկա գործով Կարենը մեղավոր է ճանաչվել դիտավորությամբ մի տուժողի առողջությանը՝ ծանր, մյուս տուժողի առողջությանը միջին ծանրության վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին և 113 հոդվածի 1-ին մասերով:
Երկու տուժողն էլ կին են, ավելին՝ մեկը Կարենի կինն է, մյուսը՝ կնոջ քույրը՝ քենին:
Ըստ դատական ակտի՝ Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Կարեն Ս.-ն 2004 թվականին ամուսնացել է, համատեղ կյանքի ընթացքում ունեցել են երեք երեխա: Ամուսինները զբաղվել են հողագործությամբ:
2014 թվականի մայիսի 19-ին Կարենը որոշել է հողամասում սածիլներ տեղադրել: Կնոջը հանձնարարել է տան դիմացի տնամերձ հողամասից քաղել ու պատրաստել բանջարեղենի սածիլները:
Սակայն կինը չի կատարել ամուսնու հանձնարարությունը, առաջարկել է այդ գործն անել հաջորդ օրը:
Ամուսինները այս հարցով այնպես են վիճել, որ կինը խռովել է, երեք երեխաներին վերցրել ու գնացել է Էջմիածնում բնակվող քրոջ տուն:
Նա այնտեղ երեխաների հետ մնացել է մի ամսից ավելի՝ մինչև հունիսի 27-ը:
Այդ օրերին Կարենը բազմիցս գնացել է քենու տուն՝ իր ընտանիքը վերադարձնելու նպատակով: Նրան թվացել է, թե կինն իր հետ չի հաշտվում քրոջ պատճառով:
Կարենը նախատել է քենուն ու զգուշացրել՝ եթե քրոջը տանի իր անբարո ճանապարհով, կդանակահարի:
