Ստախոս բռնցքամարտիկը փախցրել է սիրած աղջկան, մինչև իսկ սպառնացել է ինքնասպան լինել գազային ատրճանակով
Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվել է Մուշ Բ.-ի և Արծրուն Հ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:
Գործը քննվել է Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:
24-ամյա Մուշը զբաղվել է բռնցքամարտով: Նա և 23-ամյա Արծրունը մեղադրվել են աղջիկ առևանգելու համար:
Ըստ ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքի՝ 2013 թվականի հոկտեմբերի 27-ին, ժամը 14-ն անց 30 րոպեի սահմաններում Մուշը համաձայնության է եկել Արծրունի հետ և Ազատության պողոտայում բռնության գործադրմամբ՝ գրկելով իր նախկին նշանածին՝ Ջեմմային (անունը փոխված է), նրա կամքին հակառակ նստեցրել է Արծրունի կողմից վարած «Մերսեդես» ավտոմեքենան ու բացահայտ առևանգել է՝ տանելով դեպի Թբիլիսյան խճուղի:
Ջեմման մեքենայի մեջ համոզել է Մուշին, թե կշանունակի շփվել նրա հետ, որից հետո աղջկան վերադարձրել են այնտեղ, որտեղից առևանգել էին:
Ընդհանուր իրավասության դատարանում Մուշն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե 2013 թվականի ապրիլի 3-ին «Օդնոկլասնիկի» կայքի միջոցով ծանոթացել է Ջեմմայի հետ: Աղջիկը, ըստ Մուշի, իր նամակներին սկսել է պատասխանել այն պահից, երբ իմացել է, որ ինքը Անգլիայում է, նրան գրում է այնտեղից: Սակայն այդ ժամանակ ինքը գտնվել է Հայաստանում:
Ստել է, թե Անգլիայում է, որ աղջիկը պատասխանի իրեն:
Իրականում ինքը Բուլղարիայում մասնակցել էր մրցումների ու նոր էր վերադարձել Հայաստան: Պատրաստվում էր մեկնել նաև Անգլիա:
Համացանցում շփվելէ Ջեմմայի հետ, ապա աղջիկը համաձայնել է հանդիպել:
Առաջին անգամ հանդիպել են 2013 թվականի մայիսի 31-ին: Դրանից հետո ավելի սերտացել է իրենց շփումը, միասին են անցկացրել օրվա մեծ մասը:
2013 թվականի օգոստոսի 24-ին մեծ շուքով կատարվել է իրենց նշանադրությունը: Սկսել են պատրաստվել հարսանիքին:
Ինքն անչափ շատ է սիրել Ջեմմային, նրա ցանկություններն ու քմահաճույքները կատարելու համար արել է ամեն ինչ, ոչ մի հարցում չի մերժել:
Նշանադրությունից մի քանի օր անց ինքը խոստովանել է աղջկան, որ Անգլիայում չի եղել: Աղջիկը նեղվել է, ասել է՝ այդ ստի պատճառով իրենք կարող է և չամուսնանան:
