Հայաստանի պետական համակարգում թափուր աշխատատեղեր կան, բայց ղեկավարները չեն ցանկանում դրանցում «դրսից եկած» մարդկանց ընդունել
Պետական մարմիններում թափուր մնացած պաշտոնների համար մրցույթ հայտարարելու փոխարեն դրանց ղեկավարները գերադասում են կառուցվածքային փոփոխությունների կամ պաշտոնի անձնագրի պահանջների փոփոխման արդյունքում դրանցում նշանակել իրենց համար ավելի ընդունելի անձանց:
Պետական կառավարման համակարգում առկա այս ապօրինությունների մասին երեկ կառավարության նիստում հայտարարեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:
Նրա խոսքով՝ այս ամենի արդյունքում տարիներ շարունակ պաշտոնները մնում են թափուր, բայց մրցույթներ չեն հայտարարվում: Մանվել Բադալյանը նաև հայտարարեց, որ քաղծառայության խորհուրդն արդեն իսկ գույքագրել, ամբողջացրել է ստեղծված իրավիճակի պատկերը և կառավարությանն առաջարկեց առաջիկայում քննարկման առարկա դարձնել այն: Այս հարցով նա արդեն դիմել է նաև ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավարին:
«Այս պահին 170 կրտսեր թափուր պաշտոն կա»,- հայտարարեց Մանվել Բադալյանն ու հավելեց, որ ըստ գործող կարգի՝ թափուր մնացած կրտսեր պաշտոնի համար մրցույթ հայտարարելու լիազորությունը տրված է տվյալ մարմնի ղեկավարին:
«Այսքան երիտասարդ մասնագետներ կան, ովքեր հավաստագրվել են, հավաստագրերը ձեռքներին՝ սպասում են, որ գնան, համալրեն այդ պաշտոնները»,- ասաց քաղծառայության խորհրդի նախագահը` տեղեկացնելով, որ հավաստագրվածների թիվը 200-210-ից չի անցնում:
Կառավարության ղեկավարն էլ Մանվել Բադալյանին խոստացավ ծանոթանալ խնդրին և առաջիկայում խորհրդակցություն հրավիրել այդ հարցի շուրջ:
Հիշեցնենք՝ քաղծառայության համակարգի դեմ ուղղված հերթական քայլն էլ, հենց կառավարության ու քաղծառայության խորհրդի նախագահի լուռ համաձայնությամբ, տեղի էր ունեցել ամիսներ առաջ, երբ Պետեկամուտների կոմիտեի և Ֆինանսների նախարարության միավորման արդյունքում, կառուցվածքային փոփոխությունների անվան տակ նախարարությունում աշխատանքից հեռացվեցին մի շարք ստորաբաժանումների ամբողջական աշխատակազմեր, այդ թվում` քաղծառայողներ, ովքեր պետք է որ օրենքով առավելապես պաշտպանված լինեին իրենց ղեկավարների կամայականություններից:
Աշխատանքից հեռացվեցին, օրինակ, ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչության քաղծառայող աշխատակիցները, ընդ որում, նոր տեսչության կանոնադրությունից, հենց կառավարության նիստում միաձայն հաստատված որոշմամբ, հանվեց քաղծառայող լինելու մասին պահանջը: Այսինքն` նոր աշխատանքի ընդունված աշխատակիցներն այլևս քաղծառայողներ չեն:
Ժամանակին մեր այս հարցին ի պատասխան՝ Մանվել Բադալյանն ասել էր. «Օրենքի խախտում տեղի չի ունեցել: 2 մարմիններ միաձուլվել են, վերակազմակերպվել են՝ ստեղծելով նոր մարմին:
Համանման ստորաբաժանումներ և՛ ՊԵԿ-ն է ունեցել և՛ ֆինանսների նախարարությունը, և միաձուլումների արդյունքում տեղի է ունեցել նախկին թվաքանակների համեմատ նվազեցում»:
Այսօր, սակայն, քաղծառայության խորհրդի նախագահն ինքն է ահազանգում ժամանակին իր իսկ հերքած խնդրի մասին:
