Ինչի՞, որ ես համայնքի ղեկավար եմ, իրավունք չունե՞մ հող առնեմ. Դաստակերտի համայնքապետը ընդունում է իր մեղքը
1in.am-ը գրում է.Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավարի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել համայնքի ղեկավար Նաիրի Ֆիլոսյանին: Դատախազությունից այսօր տեղեկացրին, որ նախաքննության ընթացքում պարզվել է՝ Ֆիլոսյանը, 1999 թվականից հանդիսանալով Սյունիքի մարզի Դաստակերտ համայնքի ղեկավար, պաշտոնատար անձ և քաջ գիտակցելով համայնքի ղեկավարի ոչ միայն իրավունքները, այլ նաև պարտականությունները, այնուամենայնիվ, անձամբ մասնակցել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպության կառավարմանը:
Տվյալ ընկերությանը Դաստակերտ համայնքում հէկ կառուցելու նպատակով հողատարածք տրամադրելու, շինարարական աշխատանքներում աջակցելու, շահագործման ընթացքում հէկի աշխատանքները վերահսկելու դիմաց Ֆիլոսյանը, ընկերության հիմնադիր-մասնակիցների հետ նախնական պայմանավորվածությամբ, նշված ընկերությունից բաժնեմաս է ձեռք բերել և դարձել ընկերության մասնակից: Բացի այդ, օգտվելով համայնքի ղեկավարի իր լիազորությոններից և, ըստ էության, արդեն անցնելով հանցավոր պայմանավորվածության կատարմանը, Ֆիլոսյանը Դաստակերտ համայնքին սեփականության իրավունքով պատկանող 2000 քմ հողատարածքն ուղղակի վաճառքով օտարել է այն ընկերությանը, որի բաժնետեր է նաև ինքը: «Ֆիլոսյանը որևէ կերպ չի փորձել կանխել կամ կասեցնել իր վաճառած հողատարածքում կատարվող հէկի ինքնակամ շինարությունը, ինչը համայնքի ղեկավարի անմիջական պարտականությունն է: Ֆիլոսյանի ապօրինի գործողությունների հետևանքով էական վնաս է պատճառվել համայնքի իրավունքներին և օրինական շահերին»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:
Նշենք, որ այս քրեական գործի շրջանակներում Ֆիլոսյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածով և 308-րդ հոդվածի 1-ին մասով:
մանրամասները՝ սկզբնաղբյուրում
