Մորը ծեծի ենթարկելու գործով ինչպես տուժողին, այնպես էլ նրա ամբաստանյալ որդուն հանրային պաշտպան կտրամադրվի
Փաստինֆոն գրում է. Մորը ծեծի ենթարկելու գործով դատարանը կդիմի հանրային պաշտպանի գրասենյակ՝ ինչպես տուժող տարեց կնոջը, այնպես էլ նրա ամբաստանյալ որդուն իրավական օգնություն ցուցաբերելու նպատակով պաշտպան տրամադրելու խնդրանքով:
Հիշեցնենք, որ գործով նախագահող դատավոր Արմեն Վարդապետյանը ինքնաբացարկ էր հայտնել՝ տուժողի և նրա ամբաստանյալ որդու հետ իրենց ազգակցական կապից ելնելով, և գործը մակագրվել է նույն դատարանի մեկ այլ դատավորի՝ Դավիթ Հարությունյանին:
Նախագահող դատավորի որոշմամբ՝ հանրային պաշտպան կտրամադրվի տուժողին այն պատճառով, որ վերջինս լսողական և տեսողական խնդիրներ ունի, քանի որ այդ պայմաններում նա չի կարող իրականացնել իր պաշտպանությունը: Ինչ վերաբերում է ամբաստանյալին, ապա վերջինս ունի հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ և ներկայումս գտնվում է հոգեբուժական հիվանդանոցում:
Աբաստանյալին ուղեկցող բուժքույրը, ով իր հետ չուներ տվյալ բուժհաստատությունում աշխատելու մասին հավաստող ոչ մի փաստաթուղթ, նշեց, որ իրենք ամեն անգամ չեն կարող 150 կմ բերել և տանել ամբաստանյալ Աբրահամին, քանի որ վերջինս ստացիոնար բուժման մեջ է գտնվում, ստանում է դեղորայք, իսկ այսօրվա նիստին նրան ներկայացնելու համար ներարկում են կատարել, հետո բերել դատարան: Բուժքույրը մտահոգված էր նաև, որ ամբաստանյալի դեղահաբն ընդունելու ժամանակն անցնում է:
Դատարանը դիմելով կնոջն, բացատրեց դատավարական համապատասխան կարգը, որ այդ մասին պետք է բուժհաստատության տնօրենը գրություն ուղարկի դատարանին, որից հետո միայն այդ հարցը կքննարկվի:
Ամբաստանյալը, ով հստակ չէր հիշում իր դատավածությունների քանակը, նշեց, որ ամուսնացած է զավակներ չունի և որ կնոջ հետ հաշտ չեն, «գզում ենք իրար», և որ ներկայումս «բուժվում է, որ խելոքանա»:
Ըստ մեղադրանքի՝ նախկինում 6 անգամ դատապարտված Աբրահամը մոր հետ բնակվելով վերջինիս պատկանող բնակարանում, այն աճուրդով վաճառելու նպատակով մորից պահանջել է իրեն տրամադրել համապատասխան լիազորագիր: Մայրը չի համաձայնել, և որդին հենց այդ բնակարանում ծեծի է ենթարկել նրան:
Աբրահամին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
