2 երեխաների հայր, զինծառայող Ալեքսանն ինքն իրեն դարձրել էր «ալֆոնս» ու դատապարտվել սիրուհու և նրա ամուսնու բողոքով
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Աղասի Մկոյանի նախագահությամբ ավարտվել է Ալեքսան Սահակյանի գործի դատական քննությունը:
Շիրակի մարզի 29-ամյա բնակիչ, ամուսնացած, երկու մանկահասակ երեխաների հայր Ալեքսանը զինծառայող է եղել՝ դասակի հրամանատար, կոչումով՝ ավագ լեյտենանտ:
Ըստ մեղադրանքի՝ Ալեքսան Սահակյանը, Գրետա Զաքյանի (անուն-ազգանունը փոխված է) հետ գտնվել է մտերիմ, ինտիմ հարաբերությունների մեջ, չարաշահել է նրա վստահությունը և 2012 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2013 թվականի հուլիսի սկիզբը նրանից հափշտակել է 2 միլիոն 900 հազար դրամ:
Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ 2013 թվականի նոյեմբերի 15-ին, ժամը 8-ն անց 50-ի սահմաններում Ալեքսանը Գրետայի նկատմամբ բռնություն է գործադրել, նրա կամքին հակառակ նստեցրել է տաքսի, տեղափոխել է դեպի մոտակա զորամասը:
Զորամասի հսկիչ-անցագրային կետի մոտ Գրետան մեքենայից «դուրս է պրծել» և օգնություն է կանչել:
Կնոջը մոտեցել են հերթապահող զինծառայողները և քաղաքացիական անձինք: Ալեքսանը հեռացել է զորամասի հարակից տարածք, որտեղ կատարել է անդամախեղում՝ ձախ նախաբազկի շրջանում քերծվածքներ է արել, ինչը հանգեցրել է զինծառայությունը ժամանակավորապես դադարեցնելուն:
Ալեքսան Սահակյանին մեղադրանք է առաջադրվել խարդախության, մարդու առևանգման ու զինծառայությունից ժամանակավոր խուսափելու նպատակով կատարած անդամախեղման համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 131 հոդվածի 1-ին և 363 հոդվածի 1-ին մասերով:
Բացի դրանից, Ալեքսանը մեղադրվել է նաև առանց հարգելի պատճառների մի քանի անգամ կարճ ժամանակով զինծառայության վայր չներկայանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 361հոդվածի 4-րդ մասով:
Ալեքսան Սահակյանը դատարանում իրեն մեղավոր է ճանաչել միայն այս վերջին հոդվածով: Մնացած մեղադրանքների մասով իրեն մեղավոր չի ճանաչել ու հայտնել է, թե Գրետայի հետ ծանոթացել է համացանցի միջոցով: Շուտով իրենք մտերմացել են, ինտիմ կապի մեջ են մտել:
2013 թվականի նոյեմբերին Գրետան ցանկացել է իրեն անակնկալ մատուցել: «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ» բանկում նա ոսկի է գրավադրել ու վերցրել է 60 հազար դրամ:
Դրանից հետո իրենք տաքսիով գնացել են Վանաձորի «Ռոյալ» հյուրանոց, որտեղ ժամանցի ծախսերը հոգացել է Գրետան:
