ՔԿ նախագահը Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցի չարաշահումների գործով նախաքննությունը հանձնարարել է ՀԿԳ վարչությանը
Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցում հայտնաբերված չարաշահումների դեպքի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող քննիչը փոխվել է: Ինչպես «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ` Կոտայքի մարզային քննչական վարչության վարույթից գործը տեղափոխել է հատկապես կարեւոր գործերի քննության գլխավոր վարչություն:
«Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում: Քննչական կոմիտեի նախագահի կողմից քննիչին տրվել է հանձնարարություն` ակտիվացնել քրեական գործով ձեռնարկվող քննչական գործողությունները` ապահովելով քննության բազմակողմանիությունը, օբյեկտիվությունն ու լրիվությունը,ինչպես նաեւ ապացույցների համադրության հիման վրա համապատասխան անձանց գործողություններին տալ համարժեք քրեաիրավական գնահատական, եւ արդյունքների մասին տեղեկացնել նաեւ հանրությանը` հաշվի առնելով քրեական գործի նկատմամբ հասարակական հնչեղությունը»,-«Փաստինֆո»-ի թղթակցին տեղեկացրեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդականը:
