«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորում են Ադրբեջանի կողմից խոցված հայկական ուղղաթիռի օդաչուներին (Լուսանկարներ)
Այս պահին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում դեռևս շարունակվում է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից խոցված ԼՂՀ ՊԲ «ՄԻ-24» ուղղաթիռի անձնակազմի՝ հրամանատար, մայոր Սերգեյ Սահակյանի, ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանի և լեյտենանտ Ազատ Սահակյանի զինվորական արարողակարգով հուղարկավորության արարողությունը:
Արարողությանը մասնակցում են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, բարձրաստիճան զինվորական պաշտոնյաներ, մտավորականներ ու քաղաքացիներ:
ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ ուղղաթիռի անձնակազմի անդամները հետմահու պարգևատրվեցին «Արիության մեդալ»-ով, որը զոհվածների հարազատներին հանձնեց ԼՂ Պաշտպանության բանակի հրամանատար Մովսես Հակոբյանը:
