Էդուարդ Շարմազանով. Թուրքիան շարունակում է ոչ միայն ժխտողականության, այլև՝ ստի ու կեղծիքի քաղաքականությունը
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման՝ մեր ցանկությունը չի փոխվել: 2015թ. ընդառաջ Հայաստանը Թուրքիայից գնացող բարի նպատակ ունեցող ուղերձներին դրական պատասխան չի տալիս, փոխարենը ողջ էներգիան կենտրոնացնում է 1915թ. դեպքերի հետ կապված գործունեության վրա»,- Ermenihaber.am կայքի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի քննարկման ժամանակ, մասնավորապես, ասել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների խնդրանքով անդրադառնալով հիշյալ հայտարարությանը, զարմանք հայտնեց, թե «ի՞նչ է նշանակում`Հայաստանը չի արձագանքում իրենց դրական ուղերձներին»:
«Ըստ Թուրքիայի արտգործնախարարի՝ դրակա՞ն է Հայաստանի շրջափակումը, Եվրոպայի միակ փակ սահման պահելը, վերջնագրեր և շանտաժներ անելը, հայ-թուրքական հարաբերություններում ԼՂՀ հիմնահարցը նախապայման առաջադրելը և հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելը»,- մասնավորապես ասաց նա՝ ընդգծելով, որ ինքը չի զարմանում, որ Թուրքիան շարունակում է ոչ միայն ժխտողականության, այլև՝ «ստի ու կեղծիքի քաղաքականությունը»:
ԱԺ փոխնախագահի կարծիքով՝ Թուրքիան ճիշտ կանի, որ դադարեցնի`«աշխարհի աչքերին թոզ փչելու» քաղաքականությունը, նամանավանդ 2015 թվականին՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, քանի որ չի հաջողելու թուլացնել այն ամենն, ինչ նախատեսում են անել Հայաստանի Հանրապետությունն ու հայկական Սփյուռքը:
