Սերժանտն ու կրտսեր սերժանտը անկողնում պառկած զինվորին ոտքերով ծեծել, ծաղրել ու հասցրել են ինքնասպանության
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Լևոն Ավետիսյանի նախագահությամբ սկսվում է Բաբկեն Գաբոյանի և Արման Ստեփանյանի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ կրտսեր սերժանտ Բաբկեն Գաբոյանը, հանդիսանալով շարքային Լիբիկ Մ.-ի պետը, ինչ-որ տեղ գնալու իր պահանջը չկատարելու պատճառով ապտակել է զինվորին:
Բացի այդ, կրտսեր սերժանտ Գաբոյանը սերժանտ Արման Ստեփանյանի հետ «քուն» հրամանից հետո զինծառայության պարտականությունների կատարման հետ կապ չունեցող առիթով՝ իրենց քաղաքացիական շորերը լվանալու պահանջը չկատարելու համար շարքային Մանուչար Մ.-ի նկատմամբ բռնություն են գործադրել՝ ձեռքերով կոկորդից բռնել, պատին են հենել, սեղմել են կոկորդը: Ապա, քիչ անց, երբ Մանուչարը պառկած է եղել անկողնում, ոտքերով նրան հարվածներ են հասցրել:
Սերժանտի ու կրտսեր սերժանտի նվաստացնող գործողությունները, պարբերաբար գործադրած ծեծն ու ծաղրուծանակը ծանր հետևանք են ունեցել:
Շարքային Մանուչարի մոտ զարգացել է «Սուր դեպրեսիվ հակազդում», որն արտահայտվել է տրամադրության դիսթեմիկ ֆոնով, ընկճվածությամբ, հուսահատվածությամբ, ստեղծված իրավիճակի անելանելիության զգացողությամբ:
