Սպիտակի բժշկական կենտրոնում հրաժարվել են բուժօգնություն ցուցաբերել 40 օրական մանկիկին. փոքրիկը մահացել է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության պետի ցուցումով հարուցվել է քրեական գործ` մանկահասակ (40 օրական) Ն. Խաչատրյանի մահվան դեպքի առթիվ:
ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացրեցին, որ 2014 թվականի նոյեմբերի 16-ին` ժամը 06:10-ի սահմաններում բուժօգնություն ստանալու նպատակով ծնողների կողմից «Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերություն է տեղափոխվել Լոռու մարզի Ջրաշեն գյուղի մանկահասակ բնակչուհի, 2014 թվականի հոկտեմբերի 7-ին ծնված Նարինե Խաչատրյանը, սակայն բուժսպասարկում իրականացնող բժիշկները վերջինիս բուժօգնություն չեն ցուցաբերել, առաջարկել են նրան տեղափոխել «Վանաձորի բժշկական կենտրոն»։ Բժիշկների կողմից իրենց մասնագիտական պարտականությունները չկատարելու` դրանց նկատմամբ անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք ցուցաբերելու հետևանքով փոքրիկը մահացել է:
«Սպիտակի բժշկական կենտրոն» ՓԲ ընկերության աշխատակիցների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու և անզգուշությամբ Նարինե Խաչատրյանի մահն առաջացնելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Սպիտակի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով և կատարվում է նախաքննություն:
