Քանի «սաղ» ենք՝ պարտք ենք․ Սամվել Ալեքսանյանը «Սիթի»-ի անորակ ապրանքը մարդկանց վրա նաղդելու նոր միջոցներ է գործադրում
«Ինեկոբանկն» ու ՀՀԿ-ական գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցը համատեղ ակցիա են մշակել, ըստ որի՝ համագործակցելով սուպերմարկետի հետ՝ բանկը սուպերմարկետի առնվազն 3 ամիս շարունակ հավատարիմ հաճախորդներին 50 հազար դրամից մինչև 1 միլիոն դրամ գումարային քարտ է տրամադրում ամանորյա գնումների համար: Սուպերմարկետի հավատարի հաճախորդը, սակայն, չի կարող կանխիկացնել իրեն տրամադրված քարտի գումարը և այդ քարտով չի կարող այլ խանութների ցանցերից առևտուր անել: Տրամադրված քարտով հաճախորդը պարտադիր պետք է գնումներ կատարի միայն «Երևան սիթի»-ներից: Ի դեպ՝ այդ վարկային քարտերը տրամադրվելու են միայն վարկային պատմություն ունեցող հաճախորդներին:
«Երևան սիթի»-ից դուրս եկած հաճախորդը, խոսելով ամանորյա առաջարկի մասին, կարծիք հայտնեց, որ գուցե դա շատ լավ է ոմանց համար, ովքեր փող չունեն Նոր տարվա գնումներ կատարելու համար, բայց այս պայմաններով գումարի տրամադրումը ստրկացում է նշանակում: Նրանք, կոպիտ ասած, ստիպում են քաղաքացիներին, նախ, պարտադիր դառնալ իրենց հաճախորդը, ապա քարտը տրամադրելուց հետո մի տարի էլ կամ ավելի երկար կախման մեջ պահել նրանց ու ստիպել գնել իրենց անորակ ապրանքը: «Ինչի՞ են պարտադիր ստիպում, որ իրենց սուպերմարկետից առևտուր անենք, կարող է ինձ ավելի դուր է գալիս այլ խանութի ապրանքը: Եվ հետո՝ եթե ինձ վարկ պետք է լինի, նույն պայմաններով որ բանկից էլ ուզեմ՝ կտան»,- ասաց հաճախորդը՝ ավելացնելով. «Սրա նպատակը ընդամենը էն է, որ սպառեն Նոր տարուց առաջ տոննաներով բերած ապրանքը, որ չմնա ու չհնանա, կամ սպառեն արդեն իսկ հնացածը ու ձեռի հետ էլ փոխ աշխատեն ու մի բան էլ բանկին լավություն անեն: Սամվել Ալեքսանյանն ինչ ասես որ չի մտածի իր անորակ ապրանքը մեզ վրա բարդելու համար»,-ասաց գնորդը:
Այլ անցորդներ ևս, իմանալով ակցիայի մասին, կարծիք էին հայտնում, որ այդ պայմանենրով իրենք հանգիստ կարող են այլ բանկերից էլ վարկ վերցնել և առևտուր անել իրենց ցանկացած խանութից և ավելի լավ որակով, քան «Սիթիներում»:
