«Կլիենտների» սիրահար 21-ամյա Լիլիթն ածելիով ինքնավնասել է իրեն, որ հարևանից վրեժ լուծի և գումար պահանջի
Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արթուր Մկրտչյանի նախագահությամբ սկսվեց Լիլիթ Հ.-ի գործի դատական քննությունը:
Ըստ մեղադրանքի՝ 21-ամյա Լիլիթը շահադիտական դրդումներով՝ իր հետ հանրակացարանային տիպի շենքի նույն հարթակում ապրող Նաիրա Պ.-ից գումար ստանալու նպատակով և մեղադրանքի արհեստական ապացույցներ ստեղծելով՝ ածելիով իր դաստակը կտրել, դեմքն էլ ճանկռել է ու հանցագործության մասին սուտ հաղորդում է տվել ոստիկանությունում, թե 2013 թվականի դեկտեմբերի 14-ին Նաիրա Պ.-ն ու նրա դուստրը վիճաբանության ժամանակ հարվածներ են հասցրել իրեն ու պատճառել մարմնական վնասվածքներ:
Լիլիթին մեղադրանք է առաջադրվել սուտ մատնության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով:
Լիլիթի խնամքին է մինչև երեք տարեկան մանկահասակ երեխան: Բացի դրանից, Լիլիթը մի քանի օրից կմայրանա՝ նա հղի է, իր խոսքերով՝ երեխան ծնվելու է դեկտեմբերին:
Լիլիթը մանկատանն է մեծացել՝ այդպես ասացին այս գործով տուժող Նաիրան, ինչպես նաև հենց իր՝ Լիլիթի քույրը, ով Լիլիթի հակառակորդի «բանակից» է: Լիլիթն ու այդ քույրը նույն մորից ու տարբեր հայրերից են:
Տուժողն ու ամբաստանյալը բնակվում են Երևանի Թբիլիսյան խճուղու 3/2 հանրակացարանային տիպի շենքի նույն հարթակում: Նրանց սենյակների դռները կողք կողքի են: Նրանց շենքը «մանկատան հանրակացարան» են նաև անվանում:
Տուժող կինը այրի է, երեք չափահաս երեխաների մայր: Որդին ու դուստրերից մեկը պայմանագրային զինծառայողներ են: Հանրակացարանում են հայտնվել այն բանից հետո, երբ պարտքերի պատճառով ու ամուսնու մահից հետո ստիպված են եղել վաճառել իրենց բնակարանը:
Քանի որ Լիլիթ Հ.-ն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում, արագացված դատաքննության մասին միջնորդությամբ էլ հանդես չեկավ: Նա ենթադրում է, որ դատարանում ապացուցելու է իր անմեղությունը:
Դատարանը ապացույցների հետազոտման կարգ սահմանեց. հարցաքննել վկաներին, տուժողին, ամբաստանյալին, հետազոտել գործում առկա մյուս ապացույցները:
