Ինքնասպան եղած 42-ամյա տղամարդը չէր հաշտվել ամուսնալուծության գաղափարի հետ. կնոջը sms է գրել՝ «սիրում եմ քեզ»
Ազատանում 42-ամյա տղամարդը ինքնասպանությունից առաջ կնոջը հեռախոսային հաղորդագրություն է գրել, որ սիրում է նրան:
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ինքնասպանության դեպք է արձանագրվել Ազատան գյուղում. 42-ամյա էդուարդ Ամիրխանյանն իր տանն ինքնասպան է եղել՝ կախվելով մալուխի միջոցով:
Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ տղամարդը բնակվել է կնոջ և երկու տղաների հետ, սակայն վերջին շրջանում ամուսինները կարծես թե անհաշտ են եղել:
Գյուղապետի խոսքով՝ Էդուարդի կինը և մոտ 23 տարեկան երկու որդիները մեկնել էին ՌԴ՝ արտագնա աշխատանքի, կինը և մեկ որդին վերադարձել էին, սակայն կինը, վերադառնալով, բնակվել է իր հայրական տանը:
Վերջին օրերին գյուղապետը նկատել է, որ Էդուարդը փոքր-ինչ տարօրինակ է, անգամ կինը գյուղապետին տեղեկացրել է, որ ինքնասպանության փորձեր է կատարել, միջամտել են, զրուցել նրանց հետ` փորձելով հաշտեցնել և այդ վիճակից դուրս բերել Էդուարդին:
Սակայն կինը, ամուսնու վերադառնալու խնդրանքներին հակառակ, շարունակել է մնալ հայրական տանը և չի վերադարձել ամուսնու մոտ:
Երբ տղամարդուն հայտնաբերել են կախված վիճակում, պարզվել է, որ նա ոգելից խմիչք է օգտագործել: Այդ մասին է վկայել սեղանին դրված կես շիշ օղին:
Իսկ այդ օրը գիշերը տղամարդը կնոջը հեռախոսային հաղորդագրություն է գրել՝ «սիրում եմ քեզ» բովանդակությամբ:
Գյուղապետի խոսքով՝ նրանք սոցիալապես այնքան էլ լավ վիճակում չեն եղել:
Այսօր տեղի է ունենալու էդուարդ Ամիրխանյանի հուղարկավորությունը:
