«Գոլդ» համարանիշներով Toyota Land Cruiser-ի վարորդը՝ «շումախերական» վթարի հեղինակ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր ՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:30-ի սահմաններում Toyota Land Cruiser մակնիշի 88 DՏ 888 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Չարենցի փողոցում դուրս է եկել ճանապարհի հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել քաղաքացու տան ավտոտնակի դարպասին: Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան: Վթարի մասին տեղեկացվել է Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն, որտեղից վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի աշխատողները՝ ավագ տեսուչ Նովել Աշրաֆյանի գլխավորությամբ: Մինչ կժամանեին աշխատակիցները, անհայտ անձինք մեքենայի վրայից հանել էին համարանիշները: Գրեթե 1.5 ժամ ՃՈ աշխատակիցները փորձում էին պարզել վարորդի ինքնությունը, ով վթարից հետո կամ հեռացել էր դեպքի վայրից կամ նրան տեղափոխել էին հիվանդանոց: Որոշ ժամանակ անց դեպքի վայր է ժամանում մի երիտասարդ և ներկայանում որպես Գարիկ Ադամյան ու ՃՈ աշխակիցներին հայտնում է, որ մեքենան ինքն է վարել: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է Երևան քաղաքի Այգեստան 11 փողոցի 237 տան բնակիչ՝ 63-ամյա Արարատ Սեյրանյանի անվամբ:
Աղբյուր` shamshyan.com
