Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված քրեական գործը տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն
ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հանձնարարությամբ՝ Արամ Մանուկյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով հարուցված գործը ՔԿ Արաբկիրի քննչական բաժնից տեղափոխվել է Երևանի քննչական վարչություն: «Փաստինֆո»-ի այս տեղեկությունները հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։
«Քրեական գործի շրջանակներում ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների հետ իրականացվում են համատեղ աշխատանքներ, ձեռնարկվում են ակտիվ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, քննչական գործողություններ՝ հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ»,- ասաց Ս.Տռուզյանը։ Արդյունքները Ս.Տռուզյանը ձեռնպահ մնաց մանրամասնելուց՝ նշելով, որ դրանք կներկայացվեն ավելի ուշ։
Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ի երեկոյան, իր տան շքամուտքի մոտ հարձակման էր ենթարկվել Ազգային ժողովի «Հայ ազգային կոնգրես» խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը` ստանալով մարմնական վնասվածքներ:
Ավելի ուշ Արամ Մանուկյանի որդին` Արեն Մանուկյանը, լրատվամիջոցներին հայտնել էր, որ հիվանդանոցում կատարված զննության արդյունքում Արամ Մանուկյանի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում և սալջարդ:
Ի դեպ, Արամ Մանուկյանի առողջական վիճակի մասին «Արմենիա» հանրապետական բժշկական կենտրոնից հրաժարվեցին որևէ տեղեկություն հաղորդել:
Դեպքի առթիվ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ է։ Դեպքի վայրում տեղադրված տեսանկարահանող սարքի տեսագրությունն ուղարկվել է փորձաքննության:
