Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կարգապահական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել ավագ քննիչի հեռացման հարցը
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը կարգապահական հանձնաժողովին գրավոր միջնորդություն է ներկայացրել Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնի ավագ քննիչի կատմամբ տույժ կիրառելու վերաբերյալ: Ընդ որում` առաջարկվել է ամենածանր պատժամիջոցը` լիազորությունների դադարեցում:
«Փաստինֆո»-ին հայտնի դարձավ, որ խոսքը գնում է ծեծի դեպքի առթիվ հարուցված քրեական գործով թույլ տրված խախտումներին: Քրեական գործի ուսումնասիրությամբ պարզվել է, որ քննիչը պատշաճ քննություն չի կատարել, չի ապահովել քննության լրիվությունն ու բազմակողմանիությունը: Կարգապահական հանձնաժողովը միաձայն հավանություն է տվել Ա.Հովսեփյանի միջնորդությանը:
Մեր աղբյուրների փոխանցմամբ` կարգապահական հանձնաժողովի նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 12-ին:
