Վարդան Պետրոսյանի փաստաբանի կանխատեսմամբ՝ մեղադրող դատախազն իր պաշտպանյալի համար 6-7 տարվա ազատազրկում կպահանջի
«Մեղադրողը կպահանջի 6-7 տարի»,- «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան` Վարդան Պետրոսյանի նկատմամբ դատավարության նման հանգուցալուծում կանխատեսեց նրա փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:
Ապա հավելեց, որ եթե իրականում օբյեկտիվ դատաքննություն իրականացվեր, դատարանը անհետևանք չէր թողնի քրեական գործում տեղ գտած և դատարանում բացահայտված մի շարք խախտումները:
«Ո՞վ է եղել այն ընթերական, որին այդպես էլ չհաջողվեց գտնել, ինչպե՞ս է կազմվել դեպքի վայրի զննության արձանագրությունը, մենք որոշակի դիմումներ ենք ներկայացրել պետական մարմիններին, իրենք քննություն կկատարեն, և եթե այս 10 օրվա մեջ բացահայտվեին ապօրինությունները, դատավարությունը կվերսկսվեր, և մենք բացահայտված բոլոր փաստերի վերաբերյալ նորից քննություն կկատարեինք»,- ասաց փաստաբանը:
Անդրադառնալով դատավարության ընթացքին՝ փաստաբանը նշեց, որ մեղադրող դատախազն օբյեկտիվ տեսակետ չի հայտնել, այլ միայն պաշտպանել է քննիչին:
«Կեղծողը կարող էր լինել միայն քննիչը: Մեղադրողը պաշտպանում էր քննիչին՝ հայտնելով տեսակետ, որ այդտեղ կեղծիք չի կատարվել, որովհետև կեղծողը, բացի քննիչից, ուրիշ ոչ ոք չի կարող լինել»,- ասաց նա:
Մեր հարցին, թե արդյոք դա նշանակու՞մ է, որ դատախազական վերահսկողությունն անկախ չէ իրականացվել, Նիկոլայ Բաղդասարյանը հարցով պատասխանեց. «Դուք որտե՞ղ եք տեսել դատախազն ազատ լինի իր գործողություններում այստեղ: Դատախազը քննիչին պաշտպանում է, որովհետև հասկանում է, որ փորձաքննությունները որևէ արդյունք չեն տա, անարդյունավետ գործողություններ են»:
Հիշեցնենք՝ Վարդան Պետրոսյանի վթարի գործով դատավարությունն ընդհատվել էր 10-օրյա ընդմիջմամբ, որպեսզի կողմերը կարողանան նախապատրաստել իրենց ամփոփիչ ճառերը: Դրանից հետո դատարանը կլսի Վարդան Պետրոսյանի վերջին խոսքն ու կգնա խորհրդակցական սենյակ` վճիռ կայացնելու:
Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում դատական հերթական նիստը նշանակված է վաղը` դեկտեմբերի 17-ին:
