«Պապ, լեզուս չի պտտվում, ես ինձ սպանելու եմ, վրես չլացես». Կորած հեռախոսի համար զինվորն ինքնասպանության է հասցվել
Վերաքննիչ քրեական դատարանում սկսվեց Շմավոն Կուրեխյանի և մյուսների գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը:
Շարքային Վանիչկա Հովակիմյանին ինքնասպանության հասցնելու գործը քննվել է Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ:
Դատավճռով հաստատված է գնահատվել, որ 2013 թվականի դեկտեմբերի 10-ին, ժամը 16-ի սահմաններում շարքային Պարույր Մկրտչյանը գումարտակի ընդհանուր տողանից առաջ իրեն պատկանող «Սամսունգ» հեռախոսը թաքցրել է:
Տողանի ավարտից հետո նույն վաշտի օրապահ Բաբախանյանը թաքցրած տեղից վերցրել է Մկրտչյանի հեռախոսը:
Երբ Պարույր Մկրտչյանը պարզել է, որ հեռախոսը չկա, ենթադրել է, որ գողացել են: Նա հայհոյել է գողացողի հասցեին, օրապահներ Սարգսյանին ու Բաբախանյանին է հարցրել: Վերջինս, հեռախոսը գրպանում թաքցնելով, ասել է, թե տեղեկություն չունի:
Հեռախոսի կորչելու մասին իմացել է շարքային Շմավոն Կուրեխյանը:
Նա Պարույրից ճշտել է, թե ովքեր են եղել օրապահները, և ենթադրել է, թե հեռախոսը գողացել է շարքային Վանիչկա Հովակիմյանը:
Շմավոնն ու Պարույրը իրենց կասկածները հայտնել են Վանիչկային:
Զինվորը հերքել է հեռախոս գողանալու հանգամանքը: Սակայն Շմավոն Կուրեխյանն ու Պարույր Մկրտչյանը նրան չեն հավատացել, հայհոյանքներով պահանջել են վերադարձնել հեռախոսը:
Հեռախոսի գողությունն ընդունել տալու, այն վերադարձնելու նպատակով Վանիչկային կանչել են վաշտի պահասենյակ:
Ժամը 17-ի սահմաններում, ըստ դատավճռի, վաշտի հրամանատար, կապիտան Արման Մուրադյանը պահասենյակի բանալին տվել է շարքային Սումբաթյանին՝ այնտեղից զենք մաքրելու շոր վերցնելու համար:
Երբ Սումբաթյանը բացել է պահասենյակի դուռը, Կուրեխյանը ներս է մտել, Սումբաթյանից պահանջել դուռը չփակել ու հեռանալ՝ հայտնելով, թե պահասենյակ է գալու Վանիչկա Հովակիմյանը:
Երբ Վանիչկան պահասենյակ է գնացել, Շմավոնն ու Պարույրը նրան մեղադրել են հեռախոս գողանալու համար, հայհոյելով պարտադրել են համազգեստը հանել:
