Կառավարությունը կփոխհատուցի սահմանամերձ համայնքների գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի ծախսերն ու հարկերը
Հունվարի 1-ից ՀՀ 4 մարզերի 32 համայնքների բնակիչներ կկարողանան գազի, էլեկտրաէներգիայի և ոռոգման ջրի դիմաց վճարել կես գնով, իսկ գույքահարկ և հողի հարկ՝ ընդհանրապես չվճարել:
Նման որոշում կայացվեց այսօր կառավարության նիստում:
Որոշման համաձայն՝ հաջորդ տարվա հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ը սահմանամերձ համայնքների բնակիչները կստանան բնական գազի, էլեկտրաէներգիայի, ոռոգման ջրի սակագնի 50 և գույքահարկի և հողի հարկի 100 %-անոց փոխհատուցում:
Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը նշեց նաև, որ որոշման համաձայն՝ ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից գնդակոծվող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների դիմաց հողի հարկը և այդ հողերի վրա կառուցված անշարժ գույքի գույքահարկը սեփականատերերի անունից համայնքի բյուջե կվճարի ՀՀ կառավարությունը:
