ՀՀ կառավարությունը ոստիկանությանը կտրամադրի 14 միլիոն դրամ ՝ ոստիկանության զորքերի զինծառայողներին տոնական օրերին սննդամթերքով ապահովելու համար
ՀՀ կառավարությունը ոստիկանությանը կտրամադրի 14 միլիոն դրամ գումար: Գործադիրի այսօրվա նիստի ժամանակ փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը ներկայացրեց նախագիծ, որով կառավարությանն առաջարկում էր ոստիկանության զորքերին հատկացնել 14 միլիոն դրամ:
Եղիազարյանի խոսքով՝ գումարի անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին ընթացիկ տարվա վերջին և տոնական օրերին սննդամթերքով ապահովելու հանգամանքով: «Խնդիրը կայանում է նրանում, որ սննդամթերքի գծով ներկա շուկայական գների բարձրացման արդյունքում մասնակիցների կողմից առաջարկված միավորի գները գերազանցում են ծրագրով գնումների պլանում առկա գնման առարկաների ձեռքբերման համար նախատեսված միավորի գները»,- նշեց Վ. Եղիազարյանը՝ հավելելով, որ առկա խնդրին շտապ լուծում տալու համար և ստորաբաժանման բնականոն աշխատանքներն ապահովելու նպատակով գնման գործընթացը նախատեսվում է իրականացնել բանակցային ընթացակարգը կիրառելու միջոցով՝ առանց գնումների մասին հայտարարությունը նախապես հրապարակելու:
