Ոստիկանները հայտնաբերել են գիշերային բաշիբոզուկներին, ովքեր մի ամբողջ թաղամասի բնակիչների գիշերային «տեռորի» էին ենթարկում
Երեկ SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր տարածել այն մասին, որ տևական ժամանակ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Րաֆֆու փողոցում՝ Սուրբ Երրորդություն եկեղեցու հարևանությամբ գտնվող հատվածում, գիշերը ժամը 03:00-04:00 ընկած ժամանակահատվածում մի քանի բաշիբոզուկներ վայրենավարի վարում են իրենց մեքենաները, ինչը ամեն անգամ անհանգստացրել է բնակիչներին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրապարակումից հետո, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Կարապետյանի կարգադրությամբ՝ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի աշխատակիցները՝ բաժնի պետ Ավետիկ Աբրահամյանի և Երևանի Ճանապարհային ոստիկանության աշխատակիցները՝ Երևանի ՃՈ պետ Արսեն Արշակյանի գլխավորությամբ, իրացնելով օպերատիվ-հետախուզական տվյալները՝ հայտնաբերել են իրենց «լավ տղու տեղ դրած«» չակերտավոր հերոսներին: Պարզվել է, որ խուլիգանություն կատարած անձինք են՝ Անդրանիկի 130 շենքի 22 բնակարանի բնակիչ 24-ամյա Էդուարդ Հարությունի Գասպարյանը, ով եղել է BMW մակնիշի 34 NR 793 համարանիշի ավտոմեքենայով և Անդրանիկի 92 շենքի 42 բնակարանի բնակիչ, 24-ամյա Կարեն Արթուրի Նահապետյանը, վերջինս եղել է Opel Astra մակնիշի 16 VV 600 համարանիշի ավտոմեքենայով: Ոստիկանության բացատրական աշխատանքների արդյունքում գիշերային չղջիկները խոնարհ հարսի նման դարձի գալով՝ ներկայացել են ոստիկանություն, իսկ ավտոմեքենաները տեղափոխվել են ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք: Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիա-Սեբաստիա բաժնի հետաքննչական բաժանմունքում խուլիգանության հատկանիշներով նյութեր են նախապատրաստվում:
Մանրամասը ` shamshyan.com
