Կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով Երևանի քաղաքային հանձնաժողովի 2014 թվականի ամփոփիչ նիստը
Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող քաղաքային հանձնաժողովի 2014 թվականի ամփոփիչ նիստը, որին մասնակցել են քաղաքապետարանի մի շարք ստորաբաժանումների, վարչական շրջանների սոցիալական բաժինների պետեր, ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը, հանձնաժողովի կազմում ընդգրկված ոլորտի ՀԿ-ների նախագահներն ու անդամները:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, նիստը վարել է հանձնաժողովի նախագահ, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Օրակարգի համաձայն՝ քաղաքապետարանի պատասխանատու վարչությունների և բաժինների պետերը զեկուցել են 2014 թվականին հատուկ կարիքներով մարդկանց համար իրականացված ծրագրերի մասին:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ սոցիալական,կրթական, առողջապահական և այլ ուղղվածության բոլոր ծրագրերում առաջնահերթության կարգով ներառվել են հատուկ կարիքներով անձինք և նրանց ընտանիքները, ցուցաբերվել է նյութական, պարենային և այլ տեսակի աջակցություն:
Կարևորագույն բաղադրիչներից է մայրաքաղաքի փողոցներն ու հասարակական նշանակության վայրերը թեքահարթակներով կահավորելու ծրագիրը:
Այս տարի համայնքային բյուջեից կրկնապատկվել է գլխավոր ու երկրորդական փողոցներում թեքահարթակների կառուցման համար հատկացված գումարը`կազմելով 40 միլիոն դրամ:
Ըստ այդմ, կառուցվել է 671 թեքահարթակ, որոնց գրեթե կեսը` հիմնանորոգված 25 փողոցներում: Շուրջ 300 թեքահարթակ էլ քաղաքապետարանի նախագծերով տեղադրել են մասնավոր ընկերությունները:
Տարվա ընթացքում բազմաթիվ նախաձեռնություններ ու ոլորտի հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության ծրագրեր են կյանքի կոչվել ներառական կրթություն իրականացնող քաղաքապետարանի ենթակայության թվով 44 դպրոցներում:
