Վիճարկվում է սնանկացած և առողջացած անձին նախկին պարտավորություններից ազատելու դրույթի սահմանադրականությունը
Վաղը՝ դեկտեմբերի 23-ին, տեղի կունենա Սահմանադրական դատարանի այս տարվա վերջին նիստը. գրավոր ընթացակարգով քննության կառնվի «Մուսալեռ» տպագրատուն» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա գործը:
ՍՊԸ-ն վիճարկում է «Սնանկության մասին» օրենքի 90-րդ հոդվածի՝ Սնանկության վերաբերյալ գործի ավարտի հետևանքները, 2-րդ մասի 2-րդ պարբերության սահմանադրականությունը:
Վիճարկվող դրույթով, մասնավոապես, սահմանված է, որ սնանկության վերաբերյալ գործի ավարտի դեպքում ֆինանսապես առողջացած համարվող պարտապանն ազատվում է բոլոր այն պարտավորություններից, որոնցից բխող պահանջները չեն ներկայացվել ավարտված սնանկության գործի շրջանակներում, և այդ պարտատերերը զրկվում են հետագայում առողջացած անձի նկատմամբ պահանջներ ներկայացնելու իրավունքից:
Դիմողը գտնում է, որ վիճարկվող դրույթը հնարավորություն է ընձեռում սնանկության գործ քննող դատարանին կայացնել որոշում, որով սնանկացած և իրավաբանորեն առողջացած անձին ազատում է նախկին պարտավորությունների հանդեպ պատասխանատվությունից, ինչը, ըստ էության, զրկում է, իրազեկված չլինելու պատճառով, գործով մասնակից չդարձած պարտատիրոջը՝ ֆիզիկական և իրավաբանական անձին, սեփականությունը վերականգնելու հնարավորությունից:
Նշենք, որ այս գործով զեկուցող է նշանակված ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը: Դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավված է օրենքն ընդունած Ազգային ժողովը:
